Պարույր Հայրիկյան.Թույլ չեմ տա, որ Հայաստանը ներկայացնեն որպես ահաբեկչությունների երկիր 2 փետրվարի 2013 PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում վրա երկու օր առաջ մահափորձ է իրականացվել, իրեն արդեն լավ է զգում և կարողանում է քայլել: Թեկնածուն վճռական է տրմադրված, վստահ պատրաստվում է շարունակել պայքարը երկրի գլխավոր պաշտոնի համար: Կհետաձգվե՞ն ընտրություններն ու նախընտրական քարոզարշավը, թե` ոչ, Պարույր Հայրիկյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց, որ կամ դիմում կգրի ՍԴ` երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, կամ իր մեջ ուժ կգտնի, որ նույնիսկ այդ հետաձգումը տեղի չունենա: «Որովհետև փետրվարի 18-ը շատ առումներով է ինձ համար նվիրական օր»,- ասաց թեկնածուն: Պարոն Հայրիկյան, նախ պատմեք՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում. Ձեր կարծիքով՝ ե՞րբ ամբողջությամբ կապաքինվենք Ընդհանուր առմամբ լավ եմ, առողջությունս դեպի լավն է գնում: Երեկ գիշեր արդեն քայլեցի, որովհետև գիտեմ իմ փորձով, որ դու պիտի քո ձեռքը վերցնես դեպքերի զարգացումը: Հիվանդ լինել չեմ սիրում: Նույնիսկ ընկերներիս կատակով ասում եմ` չգիտես, որ առողջ լինելն ավելի լավ է, քան հիվանդ լինելը: Մի այլ տարբերակ էլ կա` ասում եմ` ամոթ չի հիվանդ ես: Մահափորձները չեն կարող ստիպել հետաձգել ժողովրդավարական գործընթացները: Ես իմ ուշադրության կիզակետում եմ պահում ժողովրդավարության զարգացումը, դա իմ նպատակն է, ինչպե՞ս ես կարող եմ թեկուզ 15 օրով ուշացնելիս անհարմարավետություն չզգալ: Վերջնական ոչինչ չասեմ, որովհետև` առաջն Աստված:
Այս պահին ամենաքննարկվող թեմաներից է կհետաձգե՞ք Ձեր քարոզարշավն ու ընտրությունները, թե՝ ոչ: Ի՞նչ եք որոշել: Այդ ուղղությամբ ես մտածել եմ: Երեկ Սահմանադրական դատարանի նախագահն էր ինձ այցելել, վարչապետները` նախկին և ներկա, ԱԺ նախագահը: Նրանց հետ զրույցների ժամանակ ես հստակ ասել եմ, որ նոր ընտրություններ կազմակերպելու ծրագիրը բացառվում է: Ես որքան էլ վատ լինեմ, դա չեմ անի, որովհետև այս գործողության մեջ տեսնում եմ նաև այդ նպատակադրումը. թեկնածուներից մեկին վերացնեն, ստիպված պիտի նոր առաջադրումներ լինեն, ընտրությունն էլ զրոյից սկսվի: Անկեղծ կուզեի, որ մենք ավելի լավ եղանակի անեինք ընտրությունները, այսինքն, եթե 40 օր հետաձգվեր արդեն տաք կլիներ, մարդկանց հետ շփվելն էլ` հաճելի և տոնական: Իմ սիրած եղանակներից մեկը կլիներ, բայց ես ընտրությունները չեմ հետաձգի: Ինչ վերաբերում երկու շաբաթյա հետաձգմանը, դրա մասին խորհում եմ: Նաև իմ ինքնազգացությունը հաշվի առնելով, չնայած դա այնքան էլ էական չէ, երկուշաբթի, ամենաուշը երեքշաբթի բոլոր հարցերին վերջնական պատասխան կտամ: Կամ դիմում կգրեմ ՍԴ` երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, կամ էլ իմ մեջ ուժ կգտնեմ, որ նույնիսկ այդ հետաձգումը տեղի չունենա: Որովհետև փետրվարի 18-ը շատ առումներով է ինձ համար նվիրական օր: Մենք նույնիսկ ժամանակին առաջարկել ենք, որ դա կոչվի հայ ժողովրդի ազատության օր, որովհետև 1921թ. փետրվարի 18-ին Երևանն ազատագրվեց բոլշևիկներից: Արցախյան շարժումն իրականում սկսվեց փետրվարի 18-ին՝ Գառնիի ժողովում, շատ բաներ կան այդ օրվա հետ կապված: Ես այդ օրվա խորհուրդը կարևոր եմ համարում, դա եռակի խորհուրդ է պարունակում, այնպես որ կուզեմ, որ այս ընտրությունները նշանակված օրը տեղի ունենան:
Պարոն Հայրիկայն, կուզենանք լսել Ձեր գնահատականը տեղի ունեցածին: Ըստ Ձեզ՝ ինչու՞ արվեց և ու՞մ կողմից: Աստիճանաբար ինչ-որ բաներ եմ սկսել հիշել, և դրանից ելնելով ավելի եմ համոզվում, որ մարդասպանը, ըստ երևույթին, հայ չէր: Ամբողջ ընթացքում որևէ բառ չասաց: Չնայած ինքը համոզված էր, որ ինձ պետք է սպանի, որովհետև դեմքը չէր թաքցրել: Այսինքն, որքան էլ որ մութ է, լուսավորություն կար: Եթե ես իրեն տեսնեմ, 10 հոգու մեջ` կճանաչեմ, 100 հոգու մեջ միգուցե չճանաչեմ: Կարծես հայ չէր: Չեմ ուզում շատ առաջ գնալ, ահագին տվյալներ կան, դրանք քննության ընթացքում կպատրաստվեն, և կարծում եմ, որ ճիշտ հետքի վրա կընկնենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն գործընկերներիս, ովքեր ասել են, որ իրենց քարոզարշավը չեն շարունակի: Հորդորում եմ, որ ինչ-որ իրենք ունեն անելու, թող անեն: Մեկ է` մենք եղբայրներ ենք, բոլորս իրար հետ պետք է աշխատենք: Մեկը իշխանություն կունենա, մեկը կողքից, մյուսը որպես ընդդիմախոս, բայց կարևորը, որ մենք մի հայրենիքում ենք և այդ հայրենիքի համար միասին պիտի աշխատենք:
Շրջանառվում է այն կարծիքը, որ այդ դեպքը կարող է ստվեր գցել ընտրությունների ընթացքի և արդյուների վրա: Ո՞րն է Ձեր կարծիքը: Ինձ համար կայունությունը բարձրագույն արժեք չէ, ինձ համար մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, անվտանգություն. դրանք են կարևոր: Երբեմն կայությունը խախտում են, որպեսզի երկրի իրավիճակի տերը դառնան նրանք, ովքեր… Որոշ ուժեր, որ կազմակերպել էին, մտահոգված են: Հայաստանը վերածել քաոսի, ոչ մեկին չի հաջողվի` իմ մասով գոնե: Հայաստանի վերաբերյալ բացասական խոսում եմ, բայց արհեստականորեն ստեղծել հարց, որ իրականում գոյություն չունի Հայստանին խփելու համար… Ես ձգտում եմ, որ Հայաստանը լինի աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, որովհետև մենք օրինակ պետք է դառնանք: Այն դեպքում, երբ որ դու խոսում ես քո երկիրը աշխարհի ամենաօրինակելի երկիրը դարձնելու մասին և ինչ-որ մեկը կամ ինչ-որ ուժեր Հայաստանը փորձեն ներկայացնել որպես ահաբեկչությունների երկիր, ես դրան ընթացք չեմ տա: Ես ամեն ինչ կանեմ և ցույց կտամ, որ սա ուղղակի մի ստոր հանցագործություն է, որ աշխարհի բոլոր երկրներում տեղի է ունենում, բայց Հայաստանյան իրականության պատկերը չէ:Մարի Թարյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |