Միակ ուժը, որ կարող է ինչ-որ բան փոխել, մենք ենք

System Of A Down.

Միակ ուժը, որ կարող է ինչ-որ բան փոխել, մենք ենք

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի երեկոյան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ System Of A Down խմբի Wake Up The Souls համերգային շրջագայության երկար սպասված երևանյան համերգը, որը դեռ երկար կմնա անգերազանցելի թե իր մասշտաբներով, թե ներկաների թվով և թե ամենակուլ էներգետիկայով:

Երևանյան համերգից առաջ երաժիշտները համերգներ են ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում և Ռուսաստանում: Երեք շաբաթվա ընթացքում նրանք տասնյակ հանդիպումներ են ունեցել լրագրողների հետ՝ հանրության ուշադրությունը հրավիրելով հայերի զանգվածային ոչնչացման փաստի ճանաչմանը:

System Of A Down-ի համար միշտ կարևոր տեղ է զբաղեցրել Ցեղասպանության թեման: Խմբի բոլոր անդամներն ունեն հայկական ծագում և ողբերգությունը վերապրածների ժառանգներն են: Հենց այդ ողբերգությանն էլ նվիրված են խմբի P.L.U.C.K. և Holy Mountains երգերը, ինչպես նաև 2006 թվականին նկարահանված «Ճչացողները» ֆիլմը, որը ստեղծվել է երաժիշտների ակտիվ աջակցության շնորհիվ:

System Of A Down. «Միակ ուժը, որ կարող է ինչ-որ բան փոխել, մենք ենք»:

Rolling stone ամսագիրը հավաքել է նրանց շրջագայության ընթաքում արված բոլոր կարևոր բացահայտումները:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թանկյան. «Կարծում եմ՝ սա պարզապես ժամանակի խնդիր է, և Թուրքիան կառերեսվի սեփական պատմությանը: Ամբողջ աշխարհն է ճնշում նրան՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, հայտնի գիտնականները, պատմաբանները: Նրանք ստիպված կլինեն հաշտվել իրականության հետ: Մենք շատ ուրախ էինք, որ Հռոմի Պապը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը՝ այն անվանելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և խոստանալով բացել դրա վերաբերյալ Վատիկանի պահոցները: Նա նման հայտարարություններ էր անում դեռևս Արգենտինայում՝ նախքան Պապ դառնալը, և մենք ուրախ ենք, որ կա նման ղեկավար, որը չի հրաժարվում իր դիրքորոշումից, նույնիսկ զբաղեցնելով ավելի բարձր դիրք՝ շարունակում է պաշտպանել ճշմարտությունը»:

Թուրքերի հետ հարաբերությունների մասին

Թանկյան. «Իրականում մենք շատ երկրպագուներ ունենք Թուրքիայում և շատ շնորհակալ ենք նրանց, որովհետև մի քանի տարի առաջ թուրքական ԶԼՄ-ները փորձում էին արատավորել խմբի անունը, մենք նույնիսկ հերքում էինք տեղադրել մեր կայքում: Իսկ երկրպագուները, իրենց հերթին, պաշտպանում էին մեզ և գրում էին թերթերի խմբագիրներին: Մենք ցանկանում էինք Ստամբուլը ներառել մեր շրջագայության մեջ, սակայն վարչապետի վարչակազմը մերժեց մեզ: Կցանկանայի հավելել, որ Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, և ոչ թե առանձին հայ-թուրքական խնդիր: Այժմ Թուրքիայում կա ազդեցիկ քաղաքացիական շարժում, որին մասնակցում են մի շարք գիտնականներ, գրողներ, լրագրողներ, արվեստի գործիչներ, որոնք պայքարում են Թուրքիայի ժողովրդայնացման և Ցեղասպանության փաստի ճանաչման համար»:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ)մասին

Թանկյան. «Անձամբ ես, ինչպես խմբի բոլոր անդամները, դեմ ենք բռնության ցանկացած տեսակին: Բռնությունը բռնություն է ծնում, այլ կերպ չի լինում: Պատմության ընթացքում մենք շատ հեղափոխությունների օրինակներ ենք տեսել, երբ մարդիկ զենք էին վերցնում, որպեսզի պայքարեն անարդարության դեմ, կառավարություններ էին տապալում, կարելի է հասկանալ՝ ինչու էին այդպես վարվում: Սակայն, ընդհանուր առմամբ, բռնությունը տարբերակ չէ, այն ելք չէ»: Դոլմայան. «Թող տարօրինակ թվա, սակայն իմ կարծիքով՝ Գանդին վերջին տասնամյակներին ամենաիմաստուն մարդն էր»:

Նոր երգերի մասին

Դոլմայան. «Այժմ մենք զբաղված ենք միայն այս շրջագայությամբ, կենտրոնացած ենք դրա հիմնական նպատակի շուրջ: Անձնական զրույցներում, իհարկե, քննարկում ենք, թե ինչ կարող է լինել հետագայում, սակայն այժմ չէինք ցանկանա շեղվել շրջագայության հիմնական նպատակից: Անհրաժեշտ է մարդկանց ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և դրա 100-րդ տարելիցին: Միաժամանակ, ուզում ենք մարդկանց ուշադրությունը հրավիրել այն բանին, որ այսօր էլ են տեղի ունենում ցեղասպանություններ աշխարհի տարբեր կետերում՝ Աֆրիկայում, Իրաքում և այլ երկրներում»:

Ի՞նչ էր լսում System Of A Down-ը երիտասարդ ժամանակ

Դոլմայան. «Երկար պատասխան կլինի, սակայն եթե կարճ կապենք՝ մենք ամեն ինչ էլ լսում էինք, ռոքից ու ջազից սկսած մինչև դասական երաժշտություն»:

Իրենց ոգեշնչող հայերի մասին

Դոլմայան. «Ինձ համար նման մարդ է պապիկս: Նա վերապրել է Ցեղասպանությունը, ձեռնունայն եկել Լիբիա, վերականգնել իր և ընտանիքի կյանքը, հետագայում կռվել Երկրորդ համաշխարհայինում: Նա լավ մարդ էր»:

Կարդացեք նաև՝ 7 փաստ, որ պետք է իմանալ System of a Down-ի մասին

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

---