Փոխնակ մայրը երեխային ժամանակավոր «ապաստան» է տալիս

Ելենա Բարտենևա.

Փոխնակ մայրը երեխային ժամանակավոր «ապաստան» է տալիս

PanARMENIAN.Net - Փոխնակ մայրությունը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիա է, որի կիրառման դեպքում երեխայի սաղմնավորմանն ու ծննդին 3 մարդ է մասնակցում` գենետիկ հայրը, գենետիկ մայրը և փոխնակ մայրը: Փոխնակ մայրը ծնելիության տարիքի կին է, որը համաձայն է գումարի դիմաց կամ անհատույց օգնել գենետիկ ծնողներին, կրելով հղիությունը ու ծննդաբերելով նրանց երեխային` միաժամանակ չհավակնելով այդ երեխայի մոր դերին: Փոխնակ մայրությունը բավականին վիճահարույց թեմա է: Փոխնակ մայրության հոգեբանական ասպեկտների և այդ տեխնոլոգիայի բոլոր մասնակիցներին առնչվող հարցերի մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեվերլուծաբան, Երևանի «Քվանտ» վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության բաժնի պետ Ելենա Բարտենևայի հետ:
Ըստ ՀՀ օրենսդրության, փոխնակ մայրության հավակնող կինը պետք է լինի մինչև 35 տարեկան և բնական ճանապարհով ծնված առնվազն 1 երեխա ունենա: Մինչև 10 տարեկան երեխաները հոգեբանորեն շատ խոցելի են, կարո՞ղ է արդյոք իրավիճակը վնասել փոխնակ մոր սեփական երեխային:
Ըստ իս, ամեն ինչ կախված է իրավիճակը երեխային ներկայացնելու ձևից: Մեծապես դա կախված է մորից: Եթե հնչեն այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ, «կվաճառեմ երեխային», դա մի բան է, մեկ այլ բան է, երբ ասվում է` «այ կան մարդիկ, նրանք շատ են ուզում երեխա ունենալ, ինչպես ես քեզ ունեմ, և ուզում են սիրել նրան, ինչպես ես եմ քեզ սիրում, բայց, գիտես, նրանց մոտ դա չի ստացվում, ես էլ որոշել եմ օգնել նրանց»: Այդ դեպքում ամեն ինչ կարող է նորմալ լինել:

Դեպք է եղել, երբ փոխնակ մայրն ուղղակի հղիության վերջին շրջանում իր սեփական երեխային ուղարկել է տատիկի մոտ: Հավանաբար, կապը պահպանվում էր հեռախոսով, սակայն հայտնի չէ, թե ինչպես է բացատրել իր բացակայությունը երեխային: Ի՞նչ եք կարծում, կարող է մոր ֆիզիկական բացակայությունն էլ ավելի մեծ վնաս հասցնել երեխային, քան իրողությունը, որից նրան փորձում էին զերծ պահել:
Անկասկած, պետք է ինչ-որ բան ասել երեխային: Ես չեմ փորձում մորը խորհուրդներ տալու իրավունք ինձ վերապահել` շատ դժվար է դատել կամ խորհուրդ տալ այսպիսի նուրբ հարցում: Այն մոտեցումը, թե ճշմարտությունն ամեն դեպքում նախընտրելի է, ևս միանշանակ չէ: Չի կարելի վստահաբար ասել, որ երեխային պետք է ամեն ինչ ասել, բայց չի կարելի պնդել նաև, թե նրան պետք է ստել ամեն գնով: Գուցե, երբ նա մեծանա, հարկ լինի ինչ-որ բան ասել, քանի որ, այսպես թե այնպես, ճշմարտությունն ի հայտ կգա:

Երեխան «հետին թվով» կարող է վերհիշել իր մանկությունն ու հասկանալ, որ ինչ-որ բան այն չէր: Լինում են դեպքեր, երբ փոխնակ մայրը ասում է իր երեխային, որ երեխայի է սպասում, իսկ հետո նրա բացակայությունը բացատրում է նրանով, որ երեխան մահացած ծնվեց: Սարսափելի իրավիճակ, որովհետև երեխան կարող է մտածել. «այ ես եղբայր կամ քույրիկ ունեի, ես էլ կարող եմ մեռնել»:

Ինչ վերաբերում է մոր բացակայությանը, ապա միշտ էլ լինում են այդպիսի իրավիճակներ, օրինակ, եթե մայրը հիվանդացել է և նրան հարկավոր է մեկուսացնել երեխայից: Իմ ընդհանուր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր իրավիճակ կարելի է բացատրել երեխային նրա համար մատչելի բառերով, պատկերացումներով: Դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է պատմել, կան տեղեկություններ, որոնց երեխան պատրատ չի լինում իր հոգեբանական և ֆիզիոլոգիական զարգացման ոչ բավարար մակարդակի պատճառով, սակայն ինչ-որ բացատրություն այնուամենայնիվ տալ պետք է` որպեսզի նա «գուշակություններ» չանի, մտածմունքների մեջ չընկնի, չտանջվի:

Այդ տարիքի երեխաները, սովորաբար, սկսում են իրենց մեղավոր համարել ամեն ինչի համար…
Նման իրավիճակներում, երբ, օրինակ, մայրն անհետանում է առանց բացատրությունների կամ հիվանդության պատճառով, երեխան առաջին հերթին մտածում է, որ ինքը վատն է և մայրը չի ցանկանում նրան տեսնել: Ուստի, դրանից խուսափելու համար, երեխային պետք է ասել, որ մայրիկը շատ է սիրում իրեն, բայց պետք է մեկնի, ասենք, գումար վաստակելու կամ բուժվելու նպատակով:

Իսկ ո՞ր տարիքում և ի՞նչպես է պետք պատմել երեխային, որին ծննդաբերել է փոխնակ մայրը, և հատկապես ի՞նչ է պետք ասել, հաշվի առնելով, որ ճշմարտությունը միշտ էլ ջրի երես է դուրս գալիս:
Եթե ծնողները կարողանային վերցնել երեխային և ընդմիշտ մոռանալ, թե ինչպես է նա ծնվել, ապա` այո, կարելի էր հանգիստ ապրել, բայց հազիվ թե դա հնարավոր է: Հենց որ մայրը լսում է երեխայի միանգամայն բնական հարցը, թե որտեղից է նա հայտնվել, միանգամից խուճապահար է լինում. «Ինչո՞ւ ես հարցնում: Քեզ ի՞նչ-որ մեկը բան է ասել»: Բայց երեխան հարցնում է, որովհետև բոլոր երեխաներն են այդպիսի հարցեր տալիս, և խոսքը ֆիզիոլոգիայի մասին չէ` նա դեռ դրա մասին ոչինչ չգիտի, նրա մտքով անգամ չի անցնում: Ցանկացած երեխայի պետք չէ պատմել սաղմնավորման ֆիզիոլոգիական ուղիների մասին` դա միայն շոկ ու տարակուսանք կառաջացնի: Մոտավորապես 3 տարեկանում բոլոր երեխաներն են այդպիսի հարցեր տալիս, բայց հարցը ֆիզիոլոգիայի մասին չէ: Երեխան ուզում է լսել, որ մայրիկը սպասել է իրեն, որ ինքը ցանկալի է և սիրված: Արևմտյան հեղինակները գրում են` ասեք, որ հայրիկը կորիզ է տվել մայրիկին, իսկ մայրիկը կորիզից երեխա է մեծացրել:

Այսինքն արագիլի պատմությունը բոլորովի՞ն անիմաստ է: Ստացվում է, որ ծնողները նստել, սպասել են, իսկ արագիլը հանկարծ եկավ ու բերեց: Ծնողները, կարծես, ոչ մի մասնակցություն չեն ունեցել…
Բացի այդ, եթե պատմեք արագիլի պատմությունը, երեխան շուտով կիմանա, որ դա այդպես չէ, և հարց կծագի. իսկ կարելի՞ է արդյոք հավատալ մայրիկին, գուցե նա մի՞շտ է հորինում: Երեխայի համար կարևոր է իմանալ, որ հայրը ևս անմասն չի եղել, կորիզ է տվել, իսկ մայրիկը մեծացրել է` այսինքն երեխան ցանկալի է եղել, նրան սպասել են ու սիրել: Իսկ այդ ճանապարհով ծնված երեխաների դեպքում պետք է ասել, որ նա այնքան ցանկալի է եղել, որ հարկ է եղել «մորաքրոջ» օգնությանը դիմել:

Հստակ պատասխանելը դժվար է: Դեռահասին կարելի է ասել, ոչ շուտ, քան եթե վտանգ կա, որ ինչ-որ մեկը կասի: Օրինակ, վիճաբանություն է եղել և հարազատներից մեկն ասել է` իսկ դու ընդհանրապես լռիր, դու մերոնցից չես: Թեև գենետիկորեն դա նրանց երեխան է:

Փոխնակ մայրերը գիտակցում են, որ երեխան գենետիկորեն իրենցը չէ, սակայն, այն լուրջ փոփոխությունները, որ կատարվում են օրգանիզմում հղիության ժամանակ, կարո՞ղ են անգիտակցականի մեջ անբարենպաստ մեխանիզմներ գործի դնել:
Անշուշտ` մոր բնազդը: Բոլորս գիտենք պատմություններ, երբ վերջին պահին փոխնակ մայրը հրաժարվել է բաժանվել երեխայից: Ամուսնական զույգը պետք է դա հաշվի առնի, եթե կարիք կա, դիմի հոգեբանի օգնությանը:

Ըստ օրենքի, փոխնակ մոր թեկնածուի թե ֆիզիկական, թե հոգեբանական առողջությունը հետազոտվում է, բայց չէ որ անհնար է հստակ որոշել, թե որքանո՞վ է կինը հոգեբանորեն կայուն:
Հոգեբույժը կզննի, կարձանագրի, որ ոչ մի վառ արտահայտված շեղում` պսիխոզ, շիզոֆրենիա, չկա, բայց կինը կարող է այլ ապրումներ ունենալ: Կողքին պետք է լինի ինչ-որ մեկը, ով կհիշեցնի, որ դա իր երեխան չէ, իսկ ինքն իրեն պետք է ասի, որ դա իր նվերն է ամուսնական զույգին:

Կարելի է մերձենալ, ծանոթանալ մարդու հետ, բայց դա էլ այդքան չի խրախուսվում` ամուսնական զույգը կարող է խուսափել մոտ հարաբերություններից: Հիմնականում, ցանկանում են, որ փոխնակ մայրը կատարի ըստ պայմանագրի իր պարտավորությունը, անհետանա հորիզոնից ու էլ երբեք չհայտնվի: Թեև, գուցե, ճիշտ կլիներ հարաբերություններ հաստատել` չէ որ այդ կինը շատ բան է անում զույգի համար:

Եթե մայրը, ինչ-որ որ առումով որպես «ինկուբատոր է» ծառայում, դա կարո՞ղ է անդրադառնալ նրա ինքնագնահատականի, սեփական անձի հանդեպ վերաբերմունքի վրա: Կարո՞ղ է այնպիսի զգացողություն առաջանալ, որ իր մարմինն օգատգործել են, նույնիսկ եթե նա դրա դիմաց գումար է ստացել:
Ամեն ինչ կախված է տրամադրվածությունից: Մի բան է, եթե կինը չարացած է, քթի տակ մրթմրթում է, թե «այդ սրիկաները կարծում են, թե ամեն ինչ վաճառվում է, իսկ ես այնքան դժբախտ եմ, որ ստիպված եմ գնալ դրան», ապա առաջին հերթին վատ կլինի հենց փոխնակ մոր համար: Ավելի օգտակար և մարդկային կլինի տրամադրվել, որ նա իր օգնությունն է նվիրում` ոչ թե երեխային, երեխան իրենը չէ: Նա օտար երեխային ապաստան է տալիս, նա ևս մասնակից է նրա լույս աշխարհ գալուն: Օրինակ, Սիրիայից եկող երեխաները փախել են ռումբերից` մենք նրանց ապաստան ենք տալիս, կամ, օրինակ, ցեղասպանությունից փրկված մարդկանց են օգնել: Եթե այդպես տրամադրվես` նշանակում է, դու ինքդ էլ սրտացավ, կարեկից մարդ ես: Երեխային շանս է պետք, հնարավորություն, և դու տալիս են նրան այդ հնարավորությունը:

Այստեղ գլխավորը մոտիվացիան է` փոխնակ մայրության դեպքում մոտիվացիան պետք է քեզ ավելի վեհ դարձնի: Այստեղ կարևորն այն է, որ դա կամավոր օգնություն է մարդկանց, որոնք զուրկ են իրենց կյանքի շատ կարևոր մասից և մեկ ուրիշը օգնության ձեռք է մեկնում նրանց: Թեկուզ դա անհատույց չէ, այնուամենայնիվ, երեխան ապրանք չէ` վարձատրվում է փոխնակ մոր կյանքի այդ հատվածը, նրա ժամանակն ու ջանքերը:

Ի՞նչ կասեք այս հարցում եկեղեցու, հավատացյալ մարդկանց դիրքորոշման մասին:
Պետք է ըմբռնումով մոտենալ նրանց դիրքորոշմանը: Հավատացյալ մարդու համար այդ դիրքորոշումը միանգամայն հիմնավորված է` եթե Աստված ցանկանար, նա երեխա կպարգևեր, եթե երեխա չկա, նշանակում է, մարդուն այլ ճակատագիր է նախանշված: Օրինակ, նա պետք է երեխա որդեգրի, փրկի նրան, տուն ու ծնողներ պարգևի: Հավատացյալ մարդու տեսակետից դա այդպես է:

Ոչ հավատացյալների դեպքում հիմնականում դիրքորոշումը հետևյալն է. չկա երեխա, կլինի` այդպես ենք ուզում և վերջ: Եվս մեկ հարց կա: Արմատացած կարծիք կա, որ կինը տան տնտեսությունը վարող «մեքենա» է ու ինկուբատոր-վերարտադրող: Մեր արմատները կենդանական աշխարհից են գալիս, սակայն, գլուխը վեր է այդ աշխարհից: Գուցե դա էլ հենց ոգու բարձրագույն դրսևորո՞ւմ է` օտար երեխա որդեգրել, դաստիարակել ու սիրել, ազատ լինելով կենդանական բնազդից:

Կարդացեք նաև՝ «Ուրախ էի ծնողների համար, որոնք վերջապես երեխա ունեցան». 16 տարի երեխա չունեցած զույգի համար փոխնակ մոր պատմությունը

Լուսինե Դալլաքյան /PanARMENIAN.Net
---