Եթե երեխային «ապուշ» անվանես, նա իրեն կսկսի ապուշի պես պահել

Մանկավարժական թուլություն.

Եթե երեխային «ապուշ» անվանես, նա իրեն կսկսի ապուշի պես պահել

PanARMENIAN.Net - Մանկավարժական թուլության, դրա դրսևորումների, աշակերտի հետ ուղիղ կապի, դաստիարակության մեջ ստեղծարարության, ազատության և հանրությանն ադապտացվելու անհրաժեշտության միջև հակասությունների, ծնողի ճիշտ և սխալ լինելու, անօգուտ բղավոցների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեվերլուծաբան, Երևանի «Քվանտ» վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության բաժնի պետ Ելենա Բարտենևայի հետ:

«Հենակների» որոնումներում. Մանկավարժական թուլությունը

Մեր իրականության մեջ ուսուցիչը բավականին դժվարին կացության մեջ է: Նույնիսկ ամենամեղմ երեխաները, երբ հավաքվում են 35-հոգանոց դասարանում, անկառավարելի են դառնում: Բացի այդ, ուսուցիչները պետք է դիմանան նաև ծնողների ճնշմանը, որոնց հաճախ թվում է, որ եթե իրենք չպաշտպանեն իրենց երեխաների իրավունքները, դրանք անպայման կոտնահարվեն:

Այդպիսի ծնողները քիչ չեն, նրանք արձագանքում են բոլոր այն դժվարություններին, խնդիրներին, որոնք ժամանակին իրենք են ունեցել դպրոցում, մի իրավիճակում, երբ իրենք չեն կարողացել իրենց պաշտպանել: Նրանք իրենց երեխաների ուսուցիչներին ասում են այն, ինչ չեն կարողացել ժամանակին ասել իրենց ուսուցիչներին, կամ իրենց ծնողները չեն կարողացել ասել: Նրանք գալիս են դպրոց ուսուցչին տեսնելու արդեն մտովի վիճաբանության տրամադրված»՝ գալիս են պայքարելու, պաշտպանելու երեխային, ի սկզբանե հաստատությունն ընկալելով որպես թշնամու, որպես վերահաս վտանգ: Մյուս կողմից, ուսուցչի հանդեպ ճնշում է գործադրում տնօրենը, նա պետք է կատարի ծրագիրը, պետք է ժամանակի մեջ տեղավորվի:

Խորհուրդ բոլոր ծնողներին՝ եթե ձեր երեխան հայտնվել է բարդ իրավիճակում և ձեզ թվում է, որ պատճառը ուսուցչի անուշադրությունն է, գոնե, մի սկսեք սկանդալից: Սկսեք հարցերից, փորձեք այնպես ձևակերպել դրանք, որ հասկանալի լինի, որ դուք ուսուցչի հետ միասին աշխատում եք նույն արդյունքին հասնելու համար: Հայաստանում կան հիանալի ուսուցիչներ, սակայն, կան նաև այնպիսիք, որոնք դեռ շատ բան ունեն սովորելու: Չի կարելի ծնողներին անընդհատ լարված պահել և նրանց միջոցով լուծել հարցերը՝ դա ուսուցչի անփորձության կամ հոգնածության նշան է: Կան հարցեր, որոնք պետք է լուծել միայն երեխայի հետ: Յուրաքանչյուր աշակերտի հետ ուսուցիչը փորձ է կուտակում, ավելի համբերատար դառնում և ավելի ինքնավստահ դառնում:

Եթե դա տեղի չի ունենում, ուսուցիչը սկսում է «հենակներ» որոնել՝ հեշտ ուղիներ, ինչպիսին է թվում նաև ծնողների միջոցով հարցեր լուծելը: Սակայն դա միայն թվում է, թե կարելի է խորհուրդ տալ ծնողներին որ իրենք կարգի հրավիրեն երեխային և ամեն ինչ միանգամից կշտկվի: Մյուս կողմից, ճշմարտության հատիկ այդտեղ կա. ծնողները երեխային դպրոց ուղարկելիս պետք է ասեն նրան, որ լսի ուսուցիչներին, պաշտպանվի, բայց ոչ ոքի չնեղացնի, օգնի ընկերներին: Ուսուցիչն, իր հերթին, պետք է անմիջական կապ հաստատի աշակերտի հետ: Եթե հարցեր ունի ծնողներին՝ պետք է ուղղի ծնողներին, եթե երեխային՝ հարց տա երեխային:

Երեխայի ընկալմամբ ուսուցիչը չպետք է լինի այն անձը, ումից սպառնալիք է բխում, ով ամեն պահ շանտաժի է դիմում, ասում, որ կբողոքի ծնողներին: Այդպես են վարվում թույլ ուսուցիչները: Երբ ուսուցիչը ուժ չունի, նա փոխառված ուժ է փնտրում, դա կարող է լինել ծնողի, տնօրենի ուժը. «եթե քեզ վատ պահես, կտանեմ տնօրենի մոտ, և ամեն ինչ նրան կբացատրես»: Եթե ընտրել եք ուսուցչի մասնագիտությունը և զգում եք, որ ձեր ուժերը չեն ներում, խորհրդի համար դիմեք ավագ գործընկերներին, հոգեբանին, մասնակցեք այն ուսուցչի դասին, որին ամեն ինչ հաջողվում է առանց սպառնալիքների, բղավոցների, ձեռքերին ազատություն տալու: Եթե կա թուլություն, ավելի լավ է ինքներդ ձեզ խոստովանեք և փորձեք հաղթահարել դա:

Այլոց օգնությանն ապավինելու շարունակական պահանջը մանկավարժական թուլության նշան է: Եթե ուսուցիչն անընդհատ խնդիրներ է ունենում, որը չի կարողանում հանգուցալուծել առանց բղավոցների, սպառնալիքների, կողմնակի անձնաց ներքաշելու, նշանակում է նա խնդիրներ ունի: Եթե երեխան ինձանից 1 մետր հեռավորության վրա է, իսկ ես պետք է բղավեմ, որ նա լսի, նշանակում է, ինչ-որ բան այն չէ ինձ հետ կամ նրա հետ, կամ էլ երկուսիս:

Մարդ դառնալու համար, պետք է սկսել պատասխան տալ

Դեռահասի կյանքում մի պահ է գալիս, երբ ծնողները նրանց համար այլևս այն հեղինակությունը չեն, ինչ նախկինում: Այդպես պետք է լինի, քանի որ այդ տարիքում նա պետք է լուծի ծնողներից անջատվելու խնդիրը: Չէ որ դեռահասը մի օր հասուն մարդ է դառնալու, ինքնուրույն, իսկ մեծերը պատրաստ չեն նրան ազատ արձակել: «Ձայնդ կտրիր, փսլնքոտ»՝ սա է ծնողների առաջին արձագանքը և դա ինչ-որ տեղ բնական է: Դեռահասը պետք է հաղթահարի իր հանդեպ այդպիսի վերաբերմունքը, ինչպես նաև անվստահությունն իր ուժերի նկատմամբ: Հողը երերում է նրա ոտքերի տակ և, բնականաբար, նա սկսում է նյարդայնանալ, ընդվզել: Ծնողները հաճախ հանդիմանանքով ասում են, թե «տեսեք, նա սկսել է պատասխան տալ»: Սակայն, տարօրինակ է դիմել մարդուն առանց պատասխան ստանալու ակնկալիքի; Չէ որ նա անբարբառ մանուկ չէ: Անշուշտ, մարդ դառնալու համար, պետք է սկսել պատասխան տալ: Իհարկե, կան մարդիկ, որոնց հետ անհնար է համաձայնության գալ, սակայն, այնուամենայնիվ, ավելի հաճախ, մարդկային վերաբերմունքի դեպքում, դիմադրությունը որոշ ժամանակ անց թուլանում է և հաջողվում է լեզու գտնել: Դեռահասների հետ այդպես է՝ միանգամից չեն համաձայնվում:

«Տնայինդ, իհարկե չես արել»

Բժիշկներն այսպիսի մի հասկացություն ունեն՝ խոսքից առաջացած հիվանդություն: Երբ բժիշկն անզգույշ ինչ-որ բան է ասում, իսկ հիվանդը ներշնչվում է և ծանր տանում հիվանդությունը: Մեր օրգանիզմը պատրաստակամ կատարում է այն, ինչին մենք տրամադրում ենք, ծրգրավորում ենք: Նման մի բան նաև դպրոցում է տեղի ունենում. ուսուցիչներն իրենց կարծիքը չեն ասում երեխային, բայց, միևնույն է, դա երևում է խոսքի մեջ, հազար ու մի մանրուքի մեջ է դրսևորվում: Ուսուցիչը կարող է ասել. «Դե իսկ դու տնայինդ, իհարկե, չես արել», և այդ «իհարկեն» այնքան խոսուն է:

Եթե երեխային մշտապես ապուշ անվանես, վաղ թե ուշ նա կսկսի իրեն ապուշի պես պահել: Իմ մայրը, որը դասավանդել է ամբողջ կյանքում, ասում էր. «Երբ ուսուցիչը դասարան է մտնում, նրա հետ միասին աներևույթ ներս են մտնում նաև իր ուսուցիչները»: Մենք սովորեցնում ենք մեր երեխաներին այնպես, ինչպես մեզ են սովորեցրել, և հզոր դրդապատճառներ ու լուրջ աշխատանք է պետք դա փոխելու համար: Հայաստանում արդեն սկսում է զարգանալ այդ գործընթացը՝ դպրոցներից շատերում կան հոգեբաններ, թրենինգներ ուսուցիչների համար:

«Քեզ համար լույսը միացած չեմ թողնելու»

Հարգել աշակերտին նշանակում է գնահատել նրա անձը, տեսնել ոչ թե սեփական պատկերացումը նրա մասին, այլ այնպիսին, ինչպիսին նա կա: Երբեմն կրթություն չունեցող մարդն այնքան ուշադիր է մարդկանց հանդեպ, այնքան նուրբ է զգում նրանց, կարծես 4 հոգեբանական կրթություն ունի: Իսկ լինում է նաև հակառակը՝ բարձրագույն կրթություն ունի, իսկ մարդկանց հետ այնպես է շփվում, կարծես նրանք անկենդան առարկաներ են:

Ժամանակին ես եղել են Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներում, բազում տարբեր ուսուցիչների եմ տեսել: Ահա, օրինակ, աշակերտներն ուսուցչի ուղեկցությամբ պետք է այլ դասարան գնան: Ահա մի քանի օրինակ, թե ինչպես է ուսուցիչն արձագանքում հետ մնացողներին. «Ինչքա՞ն կարելի է ձեզ սպասել», «Աղջիկներ, տղաներ, ձեզ ենք սպասում», «Քեզ օգնությո՞ւն է պետք հավաքվելու համար»: Կամ էլ ահա թե ինչ է ասում ուսուցիչը. «Մենք գնում ենք, խնդրում եմ, գնալուց մարիր լույսը, փակիր դուռը և բեր բանալին, գիտեմ՝ դու կարող ես»:

Թվարկածների մասին չի կարելի է ասել, որ այս մեկը միակ ճիշտ արձագանքն էր, բայց կան ակնհայտ սխալներ՝ չնկատելը, որ աշակերտը հետ է մնացել, ասել, թե նա դանդաղկոտ է կամ էլ այսպես արձագանքել. «Դու ի՞նչ է դիտավորյալ ես դա անում, որքա՞ն կարելի է, ինչու ես միշտ այսպիսին, ինչո՞ւ ես այդքան թափթփված»: Վատագույն տարբերակն է՝ թողնել աշակերտին դասարանում՝ մարելով լույսը: Այդպես վարվել չի կարելի: Ի՞նչ է դա նշանակում: Դու թողնում ես նրան այնտեղ, հասկացնելով, որ նա, կարծես, գոյություն էլ չունի, կարծես, հանուն նրա հարկ չկա էլեկտրականությունը միացած թողնել, կարծես, նա ոչ մի արժեք չունի: Դրանք մանրուքներ չեն, սակայն ուսուցիչը հատուկ չի անում դա, դա արվում է անգիտակցաբար: Գիտակցել, «բռնեցնելով» ինքդ քեզ դրա վրա, կնշանակի գիտակցել սեփական վերաբերմունքն աշակերտի հանդեպ: Միայն այդ դեպքում հնարովր կլինի փոխել վերաբերմունքը, իսկ հետո կփոխվի երեխայի վարքագիծը:

Հանրությանը կանխատեսելի մարդիկ են պետք

Աշակերտին որպես անհատականություն ընդունելը բարդ խնդիր է, առավել ևս, որ հարկավոր է և պետք է սովորեցնել նրան անհատականություն տեսնել ի դեմս դիմացի մարդու: Դպրոցն ամեն ինչ միջինացնում է:

Ոմանք ասում են, որ իրապես ստեղծարար մարդիկ միայն 3% են կազմում: Այժմ ամբողջ աշխարհում մտածում են, թե ինչպես պետք է երեխաներին սովորեցնել մտածել, ստեղծարար լինել, սակայն կարծիք կա, որ երբ ստեղծարար մարդկանց քանակը ինչ-որ շեմից անցնում է, հասարակությունը փլուզվում է: Ստեղծարարությունն ինքնին ոչ լավ է, ոչ վատ: Հարցն այն է, թե ինչպես է օգտագործվում: Ընդհանրապես ստեղծարար մտածողությունը սկզբունքորեն չի վերահսկվում:

Գուցե, դա է պատճառը, որ ուսուցիչները գերադասում են չզարգացնել ստեղծարար մտածելակերպնաշակերտների մոտ՝ այդպես ավելի հեշտ է նրանց վերահսկել: Հաճախ դա նրանց չի էլ հաջողվում, եթե նույնիսկ ցանկություն կա՝ դպրոցը քիչ հնարավորություն է տալիս դրա համար, ուսուցիչը սահմանափակված է ուսումնական գործընթացի շրջանակներով, դասագրքերով, ծրագրերով, պահանջներով, ստուգումներով:

Նա գերադասում է ավելի դյուրին ճանապարհով գնալ: Հեղուկը միշտ դեպի վար է հոսում, բոլոր ջանքերը նվազագույնի հասցնելու միտում կա: Շատ ավելի հեշտ է ասել «նստիր և լռիր, խելքիդ շատ զոռ մի տուր»: Սա այն կետն է, որտեղ անհատի ու հանրության շահերը հակասում են: Հանրությանը կանխատեսելի մարդիկ են հարկավոր: Վաճառողը չպետք է թողնի վաճառասեղանն ու վալս պարի ինձ հետ՝ ես մոտեցել եմ ինչ-որ բան գնելու և ակնկալում եմ, որ նա ի զորու կլինի կատարել իր սոցիալական դերը:

Միևնույն ժամանակ մարդուն շահավետ է ստեղծարար լինել: Դպրոցը նոր մարտահրավերների առջև է կանգնած, միայն մաթեմատիկա դասավանդելը քիչ է:

60 տարի առաջ ուսուցիչը տեղեկատվության միակ աղբյուրն էր: Գյուղական դպրոցում ուսուցիչն էր ու գրադարանը՝ մի քանի տասնյակ հատոր: Նա էր կապը քաղաքակրթության հետ, աշխարհի, գիտելիքի հետ: Նա գալիս էր դասի և լույս էր բերում իր հետ:

Հիմա ուսուցիչը չի կարող ավելին տալ, քան համացանցը: Նա պետք է սովորեցնի ճիշտ ընտրել տեղեկատվությունը, զատել անպետքից, սովորեցնել, թե ինչ անել, երբ տեղեկատվությունը չափից շատ է:

«Մի վազիր, մի բղավիր»

Հաճախ դպրոցներում դասամիջոցներին թույլ չեն տալիս աշակերտներին վազել, խաղալ, դասերին անշարժ նստած ժամանակ կուտակված էներգիան սպառել: Անշուշտ, սարսափելի է. երբ փակ տարածքում այդքան դեռահաս է վազվզում: Թող վազեն բակում: Չինաստանում երեխաները պարտավոր են դուրս գալ դասամիջոցի ժամանակ և շարժվել: Մեր դպրոցներում ուսուցիչների մեծ մասը կանայք են, որոնք իրենց բնույթով ավելի զգուշավոր են, ավելի վախվորած, ռիսկի հակված չեն: Նրանք վախենում են երեխաների համար, իրենց համար. օտար երեխաներ են, ի՞նչ պատասխանել ծնողներին, եթե ինչ-որ բան պատահի: Բայց եթե ընդհանրապես բացառենք ռիսկը, կստացվի, որ երեխային բամբակի մեջ ենք պահում: Դա էլ իր հետևանքները կարող է ունենալ: Տղամարդ ուսուցիչն ավելի հանգիստ է, նա թույլ կտա վազել, թռչկոտել, սակայն տղամարդիկ դպրոցում քիչ են:

Խելամիտ ծնողները պետք է պատրաստ լինեն, որ երբ մարդը վազում է, նա երբեմն նաև պետք է ըկնի, կապտուկներ ստանա: Բնական չի լինի, որ երեխան մեծանա ու ոչ մի անգամ ծնկները չքերծի: Օրինակ, մարզիկներին առաջին հերթին ճիշտ ընկնել են սովորեցնում: Պետք է ոչ թե վազելն արգելել, այլ ցույց տալ, թե ինչպես է պետք ճիշտ ընկնել:

Լուսինե Դալլաքյան/ PanARMENIAN.Net
---