Մոռացել ենք անձնականի մասին, բայց աշխատում ենք սիրով

Կորոնավիրուսի թեստեր պատրաստող գիտնականը՝ հայկականների մասին.

Մոռացել ենք անձնականի մասին, բայց աշխատում ենք սիրով

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ հայտարարվեց նաև վարակն ախտորոշող թեստերի հայկական արտադրություն սկսելու մասին։

Ապրիլի սկզբին Կառավարությունը հայտարարեց, որ այդ նպատակով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին կհատկացվի $550,000։ Մայիսի 20-ին արդեն հայկական արտադրության առաջին թեստերը պատրաստ էին։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կ.գ.թ. Հովսեփ Ղազարյանը մեկն է այն 20-ից, որոնք աշխատում են հայկական թեստերի արտադրության ոլորտում։

PanARMENIAN.Net ին Հովսեփը պատմել է թեստերի արտադրության մանրամասները՝ տեխնիկակակնից մինչև գիտաշխատողների գրաֆիկ։

Հովսեփը հունիսի 8-ին ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր լուսանկարով ու գրել, որ ուրբաթ երեկոն ինքն աշխատել է մինչև առավոտյան 6-ը, շաբաթ գործն ավարտել է գիշերը 3-ին։ Գրառմանը կից հրապարակել էր նաև լուսանկար, որտեղ երևում էր, թե ինչպես է հատուկ պաշտպանիչ հանդերձանքի հետքերը մնացել դեմքին։

Ի՞նչ է նշանակում «կորոնավիրուսի թեստ պատրաստել»: Ճի՞շտ է, որ ձեռքով են «հավաքում» թեստերը։ Դա ինչ-որ հնարավոր ազդեցություն ունենում է ճշգրտության վրա։ Ընդհանրապես, թեստերի արտադրությունը սկսելիս որպես օրինակ ո՞ր երկրի փորձն է վերցվել։
Նախ նշեմ, որ ՀՀ-ում, ցավոք, չկան անհրաժեշտ սարքավորումներ նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստերը զրոյից արտադրելու համար։ Բոլոր երկրներն ունեն թեստերի դեֆիցիտ, ուստի որոշ երկրներ անգամ արգելել են թեստերի արտահանումը։ Թեստեր գնել դրսից շատ դժվար էր, սակայն թեստերի պատրաստման համար անհրաժեշտ նյութերն ազատ վաճառքի կան։ Մենք գնացինք այն տարբերակով, որ պատվիրենք մեզ անհրաժեշտ նյութերը տարբեր տեղերից և տեղում հավաքենք թեստերը։ Սա որևէ ազդեցություն չունի ճշգրտության վրա, քանի որ անհրաժեշտ նյութերն արտադրվել են այն նույն տիպի սարքերով, որոնցով արտադրվում են այլ երկրների թեստերի համար նյութերը։ Եթե տեղում ունենայինք անհրաժեշտ սարքավորումներ, կկարողանայինք սկսել մեր գործը շատ ավելի շուտ, որովհետև մոտ երկու ամիս մենք կորցրել ենք պատվիրված նյութերի տեղափոխումը ՀՀ կազմակերպելու վրա։ Թեստերի արտադրությունը սկսելիս հաշվի են առնվել բոլոր հնարավոր տարբերակները՝ չինական, ռուսական, ճապոնական, ամերիկյան և եվրոպական արտադրողների փորձերը։ Արդյունքում ընտրել ենք ամենաարդյունավետ և ճշգրիտ տարբերակը։

Ինչպե՞ս է ընթանում հայկական թեստերի պատրաստումը, արդեն քանի՞սն են պատրաստվել, օրական մոտ ինչ ծավալի մասին է խոսքը։
Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի արտադրությունն այժմ գտնվում է օպտիմալացման փուլում։ Մենք օրական որոշակի քանակությամբ թեստեր ուղարկում ենք փորձարկումների, ինչի ընթացքում մեր թեստերը համեմատում են այլ թեստերի հետ։ Այս փուլն անհրաժեշտ է արդունքների մաքսիմալ ճշգրտության ապահովման համար, որպեսզի կատարվեն վերջնական շտկումներ, սերիական արտադրությունը սկսելուց առաջ։ Այն սկսելուց հետո կարող ենք օրական 3000-ից ավելի թեստ արտադրել։

Մոտավոր ե՞րբ կարող է սկսվել թեստերի սերիական արտադրությունը։
Սերիական արտադրությունը կսկսվի, երբ ավարտվեն օպտիմալացման աշխատանքները։ Այլ դեպքերում այս փուլը կարող է տևել ամիսներ, բայց մեր դեպքում, հասկանալի է, որ լինելու է շատ ավելի շուտ, սակայն հստակ ժամկետներ նշել չեմ կարող։

Արդյոք Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եղած հնարավորություններով թեստեր պատրաստելը կարող է բավարարել ՀՀ պահանջարկը։ Կա՞ն դժվարություններ՝ կապված թեստավորման ծավալի մեծացման հետ։ Հետագայում թեստերի արտադրությունը շարունակելու իմաստ կա՞ ՀՀ-ում։
Մինչ այսօր ՀՀ-ում օրական արված թեստերի առավելագույն թիվը 2500 է եղել։ Սա պայմանավորված է ոչ թե թեստերի առկայությամբ, այլ թեստավորողների քանակով։ Սերիական արտադրություն սկսելուց նախատեսում ենք աշխատել մի քանի հերթափոխով, ինչի շնորհիվ մենք լիարժեք կարող ենք բավարարել ՀՀ պահանջարկը։ Ծավալների էլ ավելի մեծացման հետ կապված, սակայն, մեզ անհրաժեշտ կլինի նոր BSL-2 կենսաանվտանգության չափանիշներին բավարարող լաբորատորիա, ինը կարող է ապահովել ծավալների կրկնապատկումը։ Թեստերի պակաս ՀՀ-ում չենք ունենա։ Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի համավարակը, սակայն շատ կարևոր է, որ մեր գործը լինի հետագայում էլ շարունակական։

Ինչպե՞ս է անցնում կորոնավիրուս ախտորոշող թեստեր պատրաստող գիտնականների օրը։ Տուն գնալ կա՞։ Ընդհանրապես, կան ինչ-որ առօրյա մաս դարձած գործեր, որոնց մասին համարյա մոռացել եք։
Օֆիցիալ աշխատում ենք նորմալ աշխատանքային գրաֆիկով։ Սակայն հաճախ պետք է լինում շուտ գալ աշխատանքի, ուշ գնալ տուն։ Աշխատոււմ ենք շաբաթ և կիրակի օրերին։ Շատերս զուգահեռաբար նաև աշխատում ենք այլ լաբորատորիաներում որպես թեստավորողներ, դասավանդում ենք, կատարում մեր այլ գիտահետազոտական աշխատանքը։ Ցավոք, շատերս մոռացել ենք մեր անձնական և սոցիալական կյանքի մասին, բայց բոլորս աշխատում ենք մեծ ոգևորությամբ և սիրով։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
---