Կարեն Վարդանյան.

Հարկ է ստեղծել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող մեխանիզմներ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը տարիներ առաջ երկրի տնտեսության համար հայտարարեց գերակա, սակայն դրանից ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները չպակասեցին։ ՀՀ վարչապետի հրահանգով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջեւ ՏՏ ոլորտի զարգացումը խոչընդոտող խնդիրները բացահայտելու եւ դրանց լուծման եղանակները 6 ամիսների ընթացքում առաջարկելու գործառույթով աշխատանքային խումբ ստեղծվեց 2009 թվականի նոյեմբերին։ Պարզաբանումների համար դիմեցինք ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին։

Ի՞նչ կարգի խնդիրներ են բացահայտվել աշխատանքային խմբի գործունեության արդյունքում։
Խնդիրները, որ խոչընդոտում են ՏՏ ոլորտի զարգացմանը, հանդիպում են մաքսային եւ հարկային ընթացակարգերում։ Նորույթ չէ, որ ՏՏ ապրանքատեսակների արագ զարգացումը բերում է նաեւ կարճ ժամանակում դրանց գնի անկման։ Ինչը, բնականաբար, չի կարող մաքսազերծման ժամանակ կողմնորոշիչ գնի կիրառումը արդյունավետ համարելու հիմք թողնել։ Այսինքն՝ եթե մաքսազերծումը մաքսային օրենքի 87-րդ հոդվածով չի իրականացվում, ապա կատարվում է շուկայական կողմնորոշիչ գների կիրառմամբ։ Իսկ դրանց թարմացումը ուղիղ համեմատական չէ ՏՏ ապրանքների գների անկմանը։ Ինչը նշանակում է, որ մաքսազերծումը կատարվում է հին՝ բարձր գներով, եւ այդ դեպքում շատ ընկերություններ ֆինանսական վնասներ են կրում։ Իրավիճակի բարելավման նպատակով ՏՏ ընկերությունները ներկայացնում են թարմ տվյալներ, որոնք ուսումնասիրում, շուկայական գներին համապատասխանեցնում է ՊԵԿ-ը եւ ստացված արդյունքների հիման վրա թարմացվում է կողմնորոշիչ գների բազան։ ՏՏ ընկերոությունների կողմից առավել ակտիվորեն խնդրահարույց ապրանքների կոդերի տրամադրման դեպքում աշխատանքն ավելի արդյունավետ կլինի եւ ի շահ փոխադարձ վստահության ձեւավորման։

Նկատի առնելով ոլորտի չափազանց արագ զարգացումը, ենթադրում եմ, որ կողմնորոշիչ գների բազան թարմացում պահանջող միակ փաստաթուղթը չէ, որ առնիչվում է ՏՏ ոլորտի կարգավորմանը։
Իհարկե։ Կրթական եւ գիտահետազոտական ներդրումներին վերաբերող խնդիրն էլ նմանօրինակ առանցք ունի։ Շահութահարկի մասին օրենքով կրթական ներդրումների չափը չի կարող գերազանցել հասույթի 0,25 տոկոսը, սակայն ԻՏՁՄ-ն առաջարկել է այդ շեմը բարձրացնել նվազագույնը չորս անգամ։ ՏՀՏ ընկերություններում պարբերաբար մեծ թվով համակարգչային տեխնիկա է կուտակվում։ Ինչի պատճառը նվիրատվության մեխանիզմների բացակայությունն է։ Մինչդեռ խնդրի լուծումը լիովին հնարավոր է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի միջոցով։ Դպրոցների համար ուղեցույց է պատրաստվում, որի միջոցով կրթական հաստատությունները կկարողանան տեղեկանալ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի հանձնաժողովին դիմելու եւ ՏՀՏ ընկերություններից օգնություն ստանալու կարգին։ Բացի այդ, ներկայումս գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական ծախսերը —ս հաշվեգրվում են, եթե համապատասխանում են կառավարության 2002 թվականի ընդունված որոշմանը։ Սակայն այդ որոշումը բավականին հնացել է եւ չի ներառում ինովացիոն գործունեությունը։ Ուստի ԻՏՁՄ-ն առաջարկել է աշխատանքային խմբին, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին թարմացնել այդ որոշումը։

Ի՞նչ կասեք երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպմանն ուղեկցող բարդությունների վերացման հեռանկարների մասին։
Նախ ասեմ, որ երկակի նշանակության ապրանքներ եւ տեխնոլոգիաներ են համարվում որոշ նյութեր, սարքավորումներ, գիտատեխնիկական տեղեկատվություն, ծառայություններ, մտավոր սեփականության օբյեկտներ, որոնք կիրառելի են քաղաքացիական նպատակների համար, սակայն կարող են օգտագործվել նաեւ զանգվածային ոչնչացման զենքի եւ դրա փոխադրման միջոցների ստեղծման համար: Ներկայում երկակի նշանակության ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, որը բխում է միջազգային պայմանագրերի պահանջներից, որոնց միացել է ՀՀ-ն: Աշխատանքային խմբի կողմից մեծ աշխատանք է կատարվել, ուսումնասիրվել են բոլոր խնդիրները, եւ ՏՏ ոլորտի ընկերություններին առաջարկել ենք նախապես ներկայացնել այն ապրանքների ցանկը, որոնք մեկ տարվա ընթացքում պետք է ներմուծեն կամ արտահանեն։

Այդ տվյալները նախապես կներկայացվեն փորձագիտական կենտրոն՝ այդ ապրանքների արտահանումն ամեն անգամ խոչընդոտելու պրակտիկան բացառելու նպատակով։ Առաջարկել ենք նաեւ օրենսդրական փոփոխություններ, իսկ մինչ դրանց ընդունումը իրավիճակային լուծումներ տալու գործելակերպն ենք որդեգրել։ Այս ոլորտում գրանցվել են նաեւ այլ դրական արդյունքներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՏՏ ոլորտի համար ոչ բարենպաստ օրենքի նախագիծ էր շրջանառության մեջ դրել։ Համաձայն այդ նախաձեռնության ՏՏ պետք է համարվեին երկակի նշանակության։ Սակայն ԻՏՁՄ ճնշման արդյունքում հաջողվեց ավելի կշռադատված նախագծի մշակում կարեւորել եւ ներկայումս այն լրամշակման փուլում է։ Կրկին երկակի նշանակության ապրանքներին առնչվող խնդիրներից է երաշխիքային սպասարկման հարցը։ Չափազանց դժվար է որեւէ անսարք մասի արտահանումը տվյալ սարքն արտադրող երկիր` փոխանակման, կամ երաշխքային սպասարկում իրականացնելու նպատակով: Խնդիրն այն է, որ մատակարարի պահանջով անսարք մասը նորով փոխանակելու դեպքում անսարք մասը 15-օրյա ժամկետում պետք է ուղարկվի մատակարարին, իսկ քանի որ այն դասվում է երկակի նշանակության ապրանքների դասին եւ մաքսային մարմինների կողմից էլ փոխանակումը դիտվում որպես արտահանում, ապա նշված ժամկետում այդ գործընթացն իրականացնելը դառնում է անհնար: Արդյունքում` ընկերությունները փոփոխման համար վճարում են, մինչդեռ կարող էին ստանալ տվյալ մասը լիովին անվճար: Խնդիրը լուծելու նպատակով ԻՏՁՄ-ն պատրաստել է երաշխիքային սպասարկման պարզեցում ենթադրող օրինագիծ։

Եւ ի՞նչ ժամկետներում եք պատկերացնում ներկայացված խնդիրների վերջնական լուծումը։
Չնայած զարմանալի է, որ հաջողոություններ արձանագրած ՏՏ ոլորտին հատկացվող բյուջետային միջոցները կրճատելը նպատակահարմար համարվեց ՀՀ կառավարության կողմից, այնուամենայնիվ, նկատի առնելով համագործակցության արդյունավետությունն ու ընթացքը, կարող եմ, ասել, որ հիմնավոր լուծումներն իրականություն կդառնան մի քանի ամիսների ընթացքում։

Նանա Պետրոսյան
---