Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի և զարգացնի տնտեսությունը

Բերտոլդ Հերցֆելդ.

Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի և զարգացնի տնտեսությունը

PanARMENIAN.Net - Շատ փորձագետների կանխատեսումներով Հայաստանի տնտեսությունը գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու վերջին փուլում, որը երևան հանեց նրա առավել խոցելի կողմերը և լավ դասեր տվեց. թույլ դիվերսիֆիկացիա, կախվածություն դրամական փոխանցումներից, տեղական արտադրողին խթանելու անհրաժեշտություն, ինչը թույլ կտա մեծացնել արտահանման ծավալները: 2010-ի վերաբերյալ իր տեսակետի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է “ՊրոԿրեդիտ Բանկ” ՓԲԸ-ի տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը:

Ինչպիսի՞ միտումներ են նկատվում Հայաստանի տնտեսության մեջ և մասնավորապես երկրի բանկային հատվածում:
Մենք ուշադիր հետևում ենք միջազգային կառույցների և փորձագետների կանխատեսումներին Հայաստանի մակրոտնտեսական զարգացման վերաբերյալ, և ելնելով դրանից, կատարում ենք մեր կանխատեսումները: Հուսով ենք , որ դրանք կարդարացվեն, և տնտեսական աճը կլինի 2-3 տոկոս: Ինչ վերաբերվում է արժեզրկմանը, ապա այստեղ որոշակի դժվարություններ կան ազգային արժույթի անկայունության, էներգակիրների գների աճի հետ, ինչը բացասական է անդրադառնում բիզնեսի վրա, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա: Դժվար է նման գնահատական տալը, քանի որ յուրաքանչյուր բանկ իրագործում է իր քաղաքականությունը` ելնելով ընտրած ռազմավարությունից: Կարելի է ասել, որ ընթացիկ տարվա առաջին ամիսների արդյունքներով ակտիվացման միտում է նկատվում վարկավորման շուկայում:

Պլանավորո՞ւմ է արդյոք բանկը վարկավորման ակտիվացման պայմաններում ընդլայնել իր պորտֆելը և լրացուցիչ միջոցներ ներգրավել միջազգային կառույցներից:
Ընթացիկ տարվա փետրվարի վերջին բանկի վարկային պորտֆելը կազմել է 33 մլն դոլար, իսկ մինչև տարեվերջ մենք վճռականորեն տրամադրված ենք այն կրկնապատկել: Վարկավորման ոլորտում նոր ուղղություն է գյուղատնտեսությունը ֆինանսավորելը: Անցյալ տարվա վերջում մենք նախատեսում էինք ընդլայնվել և փորձ ձեռք բերել այս ոլորտում: Աշխատանքներ են տարվում Լոռու և Շիրակի մարզերի գյուղատնտեսության հնարավորություններն ուսումնասիրելու, Վանաձոր և Գյումրի քաղաքներում այս ոլորտի ֆինանսավորումն իրագործելու ուղղությամբ, որտեղ հաջողությամբ զարգանում են մեր բանկի մասնաճյուղերը: Բանկն իրականացնում է նաև Երևանի մոտ գտնվող բնակավայրերի գյուղատնտեսության ֆինանսավորում: Չնայած նրան, որ այսօր վարկային պորտֆելի ընդահանուր ծավալում տվյալ վարկերի բաժինն աննշան է, այս ոլորտում ֆինանսավորման հեռանկարներն անսահմանափակ են: Սկսած 2009-ի հոկտեմբերից` տրամադրվել է շուրջ 100 վարկ 2 մլն դոլարի չափով:

Սակայն, ընտրված ռազմավարության շրջանակներում բանկի համար կարևոր խնդիր է նաև բնակչությունից ավանդներ ներգրավելը: Ելնելով նրանից, որ Հայաստանում տնտեսական իրավիճակը կայունանում է և վարկավորման շուկայում նկատվում են ակտիվացման միտումներ դրամով, բանակցություններ են տարվում լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար, այդ թվում` ազգային արժույթով:

Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում վարկերի և դեպոզիտների տոկոսադրույքներում:
Մենք բավական գրավիչ տոկոսադրույքներ ունենք ինչպես վարկերի, այնպես էլ ավանդների գծով: Տոկոսադրույքների փոփոխություններ կատարվել են վերջերս, և մոտ ապագայում զգալի փոփոխություններ չեն սպասվում: Մենք ավանդների համար բարձրացրել ենք տոկոսադրույքները, ինչը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի բնակչության շրջանում խնայողական կուլտուրայի զարգացման վրա:

Պատմեք “ՊրոԿրեդիտ Բանկի” պլանների մասին առաջարկվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ:
Մենք կարծում ենք, որ որակյալ ծառայություններ տրամադրելը “ՊրոԿրեդիտ Բանկի” ամենաբնորոշ գծերից է: Աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը որակյալ ծառայությունների գրավականն է, և բանկը զգալի ռեսուրսներ է հատկացնում աշխատակիցների թրենինգների և սեմինարների համար, որոնք տեղի են ունենում ինչպես տեղում, այնպես էլ ՊրոԿրեդիտ Բանկի տարածաշրջանային ակադեմիաներում, որոնք գտնվում են Գերմանիայում և Մակեդոնիայում:

Ինչ վերաբերվում է նոր ծառայություններին, ապա վերջերս ներմուծվել է կոմունալ վճարումների միասնական համակարգ: Նորամուծություն են համարվում օվերդրաֆտները, որոնք հիմնականում նախատեսված են ընթացիկ հաճախորդների համար, որոնք աշխատավարձերը ստանում են բանկի միջոցով և այն բիզնես-հաճախորդների համար, որոնք արդեն աշխատում են բանկի հետ: Բանկը նախատեսում է նաև մարզային մասնաճյուղերի ընդլայնում, և հենց այդ պատճառով 2 տարվա գործունեության ընթացքում բացված 9 մասնաճյուղերից 3-ը բացվել են Հայաստանի մարզերում: Ընթացիկ տարում պարզ կլինի, թե քանի նոր մասնաճյուղեր ենք բացելու, ամենայն հավանականությամբ` 2-ը: Բանկոմատների թիվը դեռևս մեծանում է մասնաճյուղերի թվին զուգահեռ: Ինտերնետ-բանկինգ ծառայության տրամադրումը սպասվում է այս տարվա կեսին, քանի որ տվյալ պահին նախագիծը մշակման և թեսթավորման փուլում է:

Ո՞ր ուղղությունների վրա պետք է ուշադրություն դարձնեն Հայաստանի կոմերցիոն բանկերը 2010-ին:
2010-ին բանկերը պետք է ուշադրություն դարձնեն տնտեսության իրական հատվածի վարկավորման վրա, ինչը հանգեցնելու է տնտեսության աճի: Գոյություն ունի տրանսֆերտների ծավալների կրճատման խնդիր, որոնք Հայաստան են մտնում տարբեր երկրներից և թույլ են տալիս վարկավորման զգալի պահանջարկ ապահովել: Մեկ այլ կողմից, հաջողությամբ ֆինանսավորելով ընկերություններին, մենք կարող ենք աշխատատեղեր, աշխատավարձեր ապահովել, որոնք ապահվում են տնտեսական աճ և կարևոր են նրա դիվեսիֆիակցիայի համար, քանի որ Հայաստանում արձանագրված աճը տարիների ընթացում պայմանավորված էր շինարարական ոլորտի զարգացմամբ: Ուստի այսօր բոլոր ուժերը պետք է ուղղվեն տնտեսության դիվերսիֆիկացմանը և տնտեսության իրական հատվածի զարգացմանը, որտեղ հնարավոր է մեծացնել ընկերությունների ֆինանսավորման ծավալները և աշխատատեղեր ստեղծել, որոնք պաշտպանելու են պահանջարկը երկրի ներսում: Դա հեշտ չէ անել, քանի որ շուկան սահմանափակ է, և ընկերությունները տեսնում են այդ սահմանափակումները, ինչը ստիպում է նրանց մտածել վաճառքի շուկաների մասին և հեռանկարով նայել իրենց զարգացմանը տարածաշրջանի ենթատեքստում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---