Ռուբեն Թոփչյան.

Հայկական բուհերի ռեկտորները պատրաստ են բարեփոխումների, սակայն զգուշություն են ցուցաբերում

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված` Հայաստանի կառավարությունը 2009-ին որոշեց այդ ոլորտը կարգավորող հատուկ մարմին ստեղծել: “Պրոֆեսիոնալ կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամը դարձավ այդպիսի մարմին և իրականացնում է այդ գործառույթը: Հիմնադրամի գործունեության և ձեռքբերումների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է հիմնադրամի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Թոփչյանը:

Պարոն Թոփչյան, ինչու՞ կենտրոնը ստեղծվեց հենց 2009թ. և որո՞նք են նրա գործառույթները:
Մենք փորձում ենք Հայաստանի կրթական համակարգը համապատասխանեցնել կրթության եվրոպական չափորոշիչներին: Անհրաժեշտ միջոցներից էր անկախ մարմնի ստեղծումը, որն արտոնագրեր է տրամադրելու, հետևելու է բուհերում կրթության որակին: Հիմնվելով մեր կենտրոնի տրամադրած անկախ տվյալների վրա` պետությունը որոշելու է` ֆինանսավորել այս կամ այն բուհը: Առաջ նա ինքն էր արտոնագրեր տրամադրում և ինքն էր որոշում բուհերի ֆինանսավորման հարցը: Առաջացող խնդիրներից խուսափելու համար ստեղծվեց մեր հիմնադրամը, որի ստեղծումը Բոլոնյան համակարգի պահանջներից մեկն էր:

Փոխվելու՞ է արդյոք բարձրագույն կրթության որակը Հայաստանում:
Կրթության համակարգը կմնա նույնը, բայց մենք պետք է փոխենք կառուցվածքը նրա ներսում. մենք պետք է հստակ որոշենք, թե ինչ հմտություններով պետք է օժտված լինի բակալավրը, մագիստրոսը, այս համակարգի յուրաքանչյուր աստիճանի ներկայացուցիչ:

Բակալավրը մարդ է , որը պետք է կիրառի իր կարողությունները, բայց պարտավոր չէ վերլուծել կամ գնահատել: Բակալավրի աստիճանը մարդուն հնարավորություն է տալիս աշխատանք գտնել իր հմտությունների օգտագործման չափով: “Բակալավրիատը թերի բարձրագույն կրթություն է” արտահայտությունն անհաջող թարգմանություն է, որը փչացրել է մեր ողջ համակարգը: Մենք կրթության համար տարբեր նպատակներ ենք դնում, եթե մենք անհավանական նպատակներ դնեինք բակալավրերի առաջ, նրանք ուղղակի չէին կարող հասնել դրանց:

Ընդհանրապես, կրթության բազմասիճան բնույթն ուսանողներին ընտրության մեծ հնարավորություններ է տալիս: Մեր ժամանակ մենք սովորում էինք 5 տարի, պետությունը մեզ ապահովում էր աշխատանքով, բայց մեզ շարունակում էին ուսուցանել աշխատանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այսպիսով, մենք ընտրության չունեինք, հիմա հնարավորություններն ընդլայնվել են:

Հիմա քննարկվում է բակալավրիատի որոշ ֆակուլտետներում եռամյա կրթության համակարգին անցնելը: Դա Եվրոպայում ընդունված չափանիշ է, բայց մենք պետք է հնարավորինս հաշվարկենք, թե որ մասնագետին կարելի է պատրաստել երեք տարում, իսկ որին` չորս: Գոյություն ունեն որոշակի պահանջներ` Qualifications Framework, որոնց համաձայն երեք տարում չի կարելի պատրաստել, օրինակ, որակավորում ունեցող մաթեմատիկոսի, սակայն տարրական դասարանների ուսուցիչը լիովին կարող է սովորել երեք տարի: Դա ճանապարհի սկիզբն է, և չափանիշ է 4+2 համակարգը:

Հնարավո՞ր է, որ Հայաստանում չեղյալ համարվի պետպատվերը և կրթությունը դարռնա միայն վճարովի, ինչպես Եվրոպայում:
Պետությունը թույլ չի տալիս բացառել անվճար տեղերը, քանի որ դրանք նպաստում են այս կամ այն մասնագիտության զարգացմանը: Կան ֆակուլտետներ, որտեղ ուսանողը չի ցանկանում սովորել, ուստի պետությունը ստեղծում է անվճար տեղեր և խթանում է տվյալ ուղղությունը, բայց փոխարենը պահանջում է պատրաստված մասնագետներ, հակառակ դեպքում այդ տեղերը կտրամադրվեին պահանջարկ ունեցող ֆակուլտետներին սուբյեկտիվ մոտեցման միջոցով:

Կօգնի՞ արդյոք կրթության նոր համակարգը Հայաստանի ուսանողներին շարունակել կրթությունն արտասահմանում:
Կրթության ընթացքում ուսանողները կարող են որոշակի կրեդիտներ ստանալ, որոնք ուսանողը , որպես արժույթ, պետք է օգտագործի արտասահմանում, և որոնց պետք է վստահեն: Մեր նպատակն է` այդ արժույթը հաստատուն դարձնել, ուստի գնահատման ժամանակ մենք ղեկավարվում ենք եվրոպական չափանիշներով:

Պատրա՞ստ է դասախոսը ճիշտ գնահատել և տրամադրել այդ կրեդիտները:
Մեր դասախոսները շատ գրագետ են և պատրաստ են սովորել: Սակայն մենք սովորել ենք հրամանների սպասել, և ոչ ոք չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել: Մեր նպատակն է ճիշտ բացատրել գնահատման բոլոր նրբությունները:

Եթե դասախոսի բոլոր պահանջները հստակ են, ապա ուսանողը նույնպես կիմանա, թե ինչ է անելու և ինչի համար է ստանում իր կրեդիտը: Նրա աշխատանքի որակը կարելի է ստուգել ստուգարքի ժամանակ: Այդպիսի համակարգը հարմար է, նաև հնարավորություն է տալիս ուսանողներին ցանկության դեպքում ընդհատել կրթությունը հավաքված կրեդիտները պահպանելու պայմանով: Կարծում եմ, որ ապագայում կրթության գործընթացն ավելի ճկուն կդառնա այն իմաստով, որ ուսանողներն իրենք են կազմելու իրենց ուսուցման ժամանակացույցը և ընտրելու են իրենց անհրաժեշտ առարկաները: Հիմա դա այդպես չէ, և ռեկտորները և պրոռեկտորները հիմնվում են կրթության գոյություն ունեցող կոշտ օրենքի վրա:

Առաջացե՞լ են արդյոք խնդիրներ կամ հնչե՞լ են արդյոք բացասական կարծիքներ նոր չափորոշիչները որոշելիս բուհերի դասախոսների կամ ռեկտորների կողմից:
Չեմ կարող ասել, որ սուր արտահայտություններ են եղել: Ռեկտորները դեռ շատ զգույշ են, չէ որ նրանք սովորել են խորհրդային ժամանակներում` գործելով “ինչ գրված է` ճիշտ է” կարգախոսով: Նրանք պատրաստ են անցնել կրթության որակապես նոր մակարդակի, բայց նրանց պետք է ժամանակ տալ և օգնել, ասել, որ մենք ձեզ հետ ենք, սակայն այս գործում մենք չենք կարող ողջ ծանրությունը վերցնել մեզ վրա:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
---