Լավ մարզիկը չի կարող վատ մարդ լինել

Վիկ Դարչինյան.

Լավ մարզիկը չի կարող վատ մարդ լինել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին հայ բռնցքամարտիկ, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Երևանում մենամարտ կանցկացնի Էվանս Մբամբայի դեմ (ՀԱՀ): Դարչինյանն արդեն ժամանել է Հայաստան: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վիկը պատմել է իր մասին. ինչպե՞ս է որոշել զբաղվել բռնցքամարտով, անմոռանալի նոկաուտի մասին, ո՞ւմ հետ կցանկանար հանդիպել ռինգում և այլն: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է Վիկ Դարչինյանի հետ հարցազրույցի առաջին մասը:

Ինչպե՞ս որոշեցիր բռնցքամարտիկ դառնալ: Կպատմե՞ս այս մարզաձևում քո առաջին քայլերի մասին:
Ես ծնվել եմ Վանաձորում, և մեր թաղամասում գործում էր միայն Վազգեն Բադալյանի բռնցքամարտի ակումբը: Ես երազում էի մեծանալ և զբաղվել բռնցքամարտով: 6 տարեկանում հայրս ինձ տարավ ակումբ, բայց Բադալյանը չընդունեց ինձ, բացատրելով, որ ես դեռ շատ փոքր եմ: Բայց 7 ամիս անց ես վերադարձա դպրոց և հայտարարեցի, որ արդեն մեծացել եմ, և այդպես ինձ ընդունեցին:

Դու ընտրել ես շատ բարդ և դժվար մասնագիտություն, բայց, քո կարծիքով, հատկապես ի՞նչն է ամենաբարդը բռնցքամարտում:
Դուք իրավացի եք, բռնցքամարտիկները ռինգ են դուրս գալիս, իմանալով, որ պետք է կռվեն: Հաղթում է նա, ով առավել շատ դիպուկ հարվածներէ հասցնում, մի խոսքով` ծեծում է մրցակցին: Դրա համար պետք է ունենալ արիություն և ուժ: Բռնցքամարտիկը պետք է հետևի երկու կանոնի` վաղ քնել և համառ, ջանասիրաբար մարզվել, միայն այդ դեպքում կարելի է հասնել արդյունքի:

Հիշո՞ւմ ես քո առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում: Ի՞նչ է փոխվել Վիկ Դարչինյանի մեջ այս տարիների ընթացքում:
Իմ առաջին մենամարտը եղել է ամենադժվարներից մեկը: Մրցակիցս Սենդի Կիզիտոն էր, որն այդ պահին Աֆրիկայի չեմպիոն էր, և իմ հաղթանակը շատ դժվար էր: Այդ մենամարտն օգնեց ինձ դառնալ նշանավոր, և ինձ տվեցին «Կատաղած ցուլ» մականունը:

Արդեն շատ տարիներ են անցել, և, բնականար, իմ ոճը փոխվել է: Այդ ժամանակ ես ավելի շատ մենամարտում էի սիրողական բռնցքամարտի կանոններով, հակառակարոդին հարվածում էի և արագ նահանջում: Հիմա ես տեսնում եմ մենամարտի ընթացքը, կատարում եմ անցումներ, տակտիկական քայլեր, սիրում եմ կատարել մի շարք հարվածներ` թույլ չտալով հակառակորդին հանգստանալ: Իրականում ես շատ եմ փոխվել:

Մենամարտերից առաջ բռնցքամարտիկները սովորաբար շատ են սիրում խոսել մրցակցի մասին` թույլ տալով նրանց հասցեին «սիրալիր արտահայտություններ»: Քո մրցակիցներից ո՞վ է սովորաբար աչքի ընկել այդ հատկանիշներով:
Խորխե Արսեն, նա շատ էր սիրում խոսել մենամարտերից առաջ: Սովորաբար նա մենամարտի գալիս է ձիով և կոնֆետ ուտելով: Ինձանից կրած պարտությունից հետո Արսեն դարձավ աշխարհի չեմպիոն 4 քաշային կարգերում: Նա ինձ մարտահրավերներ էր նետում, ասելով, որ շատ ուժեղ է, և ես չեմ կարող հաղթել նրան:

Դու արդեն նվաճել ես 8 գոտի, քեզ հե՞շտ են տրվել բոլոր այդ տիտղոսները, և ինչպիսի՞ մարզական ուղի ես ստիպված եղել անցնել:
Չեմպիոն դառնալը հեշտ չէ, պետք է աշխատել ու աշխատել: Ինձ համար արդեն սովորական է դարձել տիտղոսներ նվաճելը, ես ավելին եմ ցանկանում, ուզում եմ նվաճել 10 գոտի և ռեկորդ սահմանել:

Դու բազմիցս քո ախոյաններին նոկաուտի ես ենթարկել, դրանցից ո՞րն է անմոռանալի եղել քեզ համար:
Ես շատ նոկաուտներ եմ հասցրել մեկ հարվածով, սովորաբար թեթև քաշային կարգում նման բան հաճախ չի լինում: Մեկ հարվածով նոկաուտի եմ ենթարկել և կոտրել Դիոսդադո Գաբիի (Ֆիլիպիններ) ծնոտը, որը մարզվում է անվանի ամերիկյան մարզիչ Ֆրեդի Ռոուչի մոտ: Ինձ համար նաև անմոռանալի է եղել իմ առաջին մենամարտը չեմպիոնական տիտղոսի համար, որը ես նվաճել եմ 2004-ին Իռեն Պաչեկոյի դեմ մենամարտում, որին նույնպես հաղթել եմ նոկաուտով:

Տվյալ պահին ո՞վ է քեզ համար ամենավտանգավոր մրցակիցը, և ընդհանրապես կա՞ արդյոք նման բռնցքամարտիկ:
Ոչ, նման բռնցքամարտիկ չկա: Բայց կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մրցակից ինձ համար կարող է վտանգավոր լինել, փոքր սխալ, և կարող են քեզ նոկաուտի ենթարկել:

Եղե՞լ է արդյոք բռնցքամարտիկ, որի հետ ցանկացել ես հանդիպել ռինգում, բայց այդպես էլ չի ստացվել:

Միշտ ցանկացել եմ հանդիպել Մեննի Պակյաոյին: Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտից հետո ես պետք է երկու քաշային կարգով բարձրանայի, իսկ նա երկու քաշային կարգ իջներ հանուն այդ հանդիպման: Բայց ես, ցավոք սրտի, մրցավարների որոշմամբ զիջեցի Ագբեկոյին և մնացի նույն քաշային կարգում: Իրականում շատ եմ ցավում, որ Պակյաոյի հետ մենամարտն այդպես էլ չկայացավ:

Ամենաարժեքավորը, ինչ տվել է քեզ բռնցքամարտը...
Լավ մարզիկը չի կարող վատ մարդ լինել, և նա չպետք է մեծամիտ լինի, հավանաբար, ամենաարժեքավորը դա է: Եթե դու լավ մարզիկ ես, պետք է մշտապես ապացուցես դա:

Դու մինչև հիմա աշխատում ես քո մարզչի` Վազգեն Բադալյանի հետ: Ի՞նչ ավանդ ունի նա քո հաջողություններում:
Մենք միշտ շփվում ենք հեռախոսով, նա ինձ արժեքավոր խորհուրդներ է տալիս: Վերջին մենամարտում նա իմ կողքին չէր, բայց ես զգում էի նրա աջակցությունը: Լինում են պահեր, երբ քեզ թվում է, որ դու ամեն ինչ գիտես և կարող ես որոշել մենամարտի ելքը, բայց իրականում դա ճիշտ չէ: Մարզիկը պետք է լսի մարզիչների խորհուրդներն առաջընթացի հասնելու համար: Եվ դրանում ինձ շատ է օգնում Բադալյանը:

Մենամարտերից առաջ հոգեբանորեն ինչպե՞ս ես տրամադրվում:
Դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գիտեմ, որ ամենաուժեղն եմ և ամենալավը: Դա օգնում է ինձ վստահ զգալ և ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ռինգ դուրս գալու և հակառակորդին հաղթելու:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
19  Վիկ "Կատաղի Ցուլի" պարապմունքը
---