Ցուցարարները պահանջում են դադարեցնել ԱՕԿՍ–ի շենքի քանդումը

Ցուցարարները պահանջում են դադարեցնել ԱՕԿՍ–ի շենքի քանդումը

PanARMENIAN.Net - ԱՕԿՍ–ի` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության շենքի մոտ հավաքվել են մոտ 80-100 քաղաքացիներ, և պահանջում են դադարեցնել շենքի քանդումն ու ներկայացնել քանդման իրավական հիմքերը: Ցուցարարների հիմնական մտավախությունն այն է, որ շենքը կքանդեն, չեն վերակառուցի, և ոչ ոք պատասխան չի տա: Նրանք իրենց պահանջներն ու բողոքը ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանին:

«Ո՞վ է Ձեզ տվել թույլտվությունը, ո՞վ է հաստատել: Շենքի ապամոնտաժման համար անհրաժեշտ է Կառավարության որոշում»,- հարցրեց «Փրկենք հուշարձանները» նախաձեռնության անդամ Նարեկ Աշուղաթոյանը՝ պնդելով, որ մշակույթի նախարարությունը նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն չունի:

Հարցին՝ ի վերջո շենքը ապամոնտաժվում է, թե քանդվում, Այվազյանը պատասխանեց. «Ապամոնտաժվում է, որպեսզի հետո վերականգնվի»:

Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի մշակույթի նախարարություն՝ անձամբ նախարարից մեկնաբանություն ստանալու պահանջով:

Շենքի քանդման աշխատանքները սկսվել են երեկվանից և ներկայումս քանդվում է այն հատվածը, որն անցյալ տարվա դեկտեմբերին օտարվել էր «Լոկալ Դիվելոփրս» ընկերության կողմից: Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությունը նախատեսում է այդտեղ հյուրանոց կառուցել:

Կարո Այվազյանն ասել է, որ կառուցապատողին առաջարկվել է հատկացված տարածքում իրականացնել Լալայանց փողոցի կորցրած հատվածի վերականգնումը և Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի միջև ստեղծել հետիոտն կապ` փողոցի կառուցվածքի վերին շերտի ծածկույթը իրականացնելով ավանդական ձևով:

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության շենքն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում և ունի հանրապետական նշանակություն։

ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից առաջ: 1910 թ. Աֆրիկյանը և մի շարք այլ բարերարներ այն կառուցել էին ջրծաղիկի համաճարակից տառապող հիվանդներին այստեղ բուժելու նպատակով: 1950-ական թվերի սկզբին նախկին հիվանդանոցի շենքի ետնամասում ավելացվել է մի նոր հատված, որն էլ հիմա քանդում են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---