ԱՕԿՍ-ի ճակատագրով մտահոգ քաղաքացիները պահանջում են հանդիպում Հասմիկ Պողոսյանի հետ

ԱՕԿՍ-ի ճակատագրով մտահոգ քաղաքացիները պահանջում են հանդիպում Հասմիկ Պողոսյանի հետ

PanARMENIAN.Net - ԱՕԿՍ–ի` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության շենքի քանդման դեմ բողոքող քաղաքացիները այս պահին մշակույթի նախարարության մոտ են: Նրանք պահանջում են հանդիպում նախարարի հետ: Սակայն Հասմիկ Պողոսյանի օգնական ներկայացած ոմն Սոնա նրանց հայտնեց, որ նախարարն այս պահին տեղում չէ, իրենք էլ պատասխանում են միայն գրավոր հարցումներին:

Ցուցարարները գրավոր դիմում են նախապատրաստում՝ հետևյալ բովանդակությամբ. «Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի ճակատագրով հետաքրքրված մի շարք քաղաքացիներ Ձեզ են դիմում շենքի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու պահանջով»: Նրանք նախարարից պահանջում են կազմակերպել հանրային քննարկում կամ ներկայանալ հանդիպման:

Փոխնախարար Արև Սամուելյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ցուցարարներին ու լսել նրանց: Ակտիվիստներից մի քանիսն այժմ բարձրանում են նախարարություն:

Շենքի քանդման աշխատանքները սկսվել են երեկվանից և ներկայումս քանդվում է այն հատվածը, որն անցյալ տարվա դեկտեմբերին օտարվել էր «Լոկալ Դիվելոփրս» ընկերության կողմից: Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությունը նախատեսում է այդտեղ հյուրանոց կառուցել:

Կարո Այվազյանն ասել է, որ կառուցապատողին առաջարկվել է հատկացված տարածքում իրականացնել Լալայանց փողոցի կորցրած հատվածի վերականգնումը և Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի միջև ստեղծել հետիոտն կապ` փողոցի կառուցվածքի վերին շերտի ծածկույթը իրականացնելով ավանդական ձևով:

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության շենքն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում և ունի հանրապետական նշանակություն։

ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից առաջ: 1910 թ. Աֆրիկյանը և մի շարք այլ բարերարներ այն կառուցել էին ջրծաղիկի համաճարակից տառապող հիվանդներին այստեղ բուժելու նպատակով: 1950-ական թվերի սկզբին նախկին հիվանդանոցի շենքի ետնամասում ավելացվել է մի նոր հատված, որն էլ հիմա քանդում են։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---