ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՎՈԼԳԱԲՈՒՌՄԱՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի «Վոլգաբուռմաշ» ընկերության նախագահ Անդրեյ Իշչուկին, որը Երեւանում է գտնվում «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի գնման գործարքի նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում, «Վոլգաբուռմաշ»-ը մեքենաշինության ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների շարքին է պատկանում: Ընկերությունը աշխատանքի փորձ ունի նաեւ ԱՊՀ շրջանակներում, մասնավորապես` Ուկրաինայում: Ա.Իշչուկը Հայաստանի նախագահին տեղեկություններ է հաղորդել գործարքի նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ «Նաիրիտի» առողջացման առումով «Վոլգաբուռմաշի» ներդրումային ծրագրերի մասին: Նրա խոսքերով` «Վոլգաբուռմաշը» տրամադրված է վերականգնել «Նաիրիտ»-ի նախկին համբավը եւ լուրջ ծրագրեր է նախատեսում թե արտադրության, եւ թե իրացման առումով: Ա.Իշչուկը տեղեկացրել է, որ հունիսի վերջում նախատեսվում է գործարքի ստորագրումը: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը ողջունել է նման խոշոր ընկերության մուտքը հայկական շուկա` վստահություն հայտնելով, որ ի դեմս «Վոլգաբուռմաշի» Հայաստանը կունենա հուսալի գործընկեր:
 Ուշագրավ
---