Ս. Սուրենյանց. ԲՀԿ համար ավելի արդյունավետ կլինի առաջադրել Գագիկ Ծառուկյանին, քան Ռոբերտ Քոչարյանին![]() 24 մայիսի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեկնաբանել է այն մտայնությունները, թե կոալիցիային չանդամակցելու վերաբերյալ ԲՀԿ որոշումը կապված է 2013թ. նախագահական ընտրություններում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը սատարելու մտադրության հետ: «Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի մատը շատ բաների է խառը, սակայն, կարծում եմ, որ պարոն Ծառուկյանն այնքան ողջախոհություն ու փորձ ունի, հասկանալու համար, որ եթե Ռոբերտ Քոչարյանի անունն աղերսվի կուսակցության հետ, ապա երկու գիշերվա մեջ կուսակցության վարկանիշը զրոյի կհավասարվի»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Լրագրողների այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն արդեն իսկ ասոցացվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, Սուրենյանցն ասել է, որ հուսով է, որ ԲՀԿ-ն ժամանակի հետ ինքնաբավ կուսակցություն կդառնա: «Ամեն դեպքում, եթե այս քայլի ետևում ԲՀԿ-ից Քոչարյանի առաջադրման հեռանկարն է, ապա դա կլինի ԲՀԿ-ի ամենամեծ սխալը: ԲՀԿ-ն կարող է շատ ավելի հետաքրքիր թեկնածուներ ունենալ»,-ասել է նա: «Ռոբերտ Քոչարյանի անունը ասոցացվում է արյան հետ և հասարակությունը դա չի մոռացել… Քոչարյանի տեղը ճաղերի ետևում է, ոչ թե քաղաքական դաշտում»,-հավելել է նա: Սուրենյանցն ասել է, որ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին «համարում է այդ ոլորտում ձախողված մարդ, որն այժմ ինչ-որ անկանոն քայլեր է անում»,-հայտարարել է նա: Ըստ քաղաքագետի, «ԲՀԿ-ն կարող է արդյունավետ լինել մի դեպքում՝ եթե թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը»: «Միայն այդ դեպքում կուսակցությունը ոչ մի անձի հետ չի կապվի, հակառակ դեպքում հասարակությունն արագ կհիասթափվի կուսակցությունից»,-ասել է նա: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն, չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ: Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը: Անկեղծորեն հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |