ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ

PanARMENIAN.Net - 2004 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 4251 հանցագործություն, որից ծանր են որակվել 1431-ը: Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալների` 2003 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 385-ով: Աղբյուրի համաձայն` ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում կատարվել է հասարակական կարգի խախտման եւ բնակչության առողջությանը վնաս հասցնելու 617 հանցագործություն: Պետական ծառայության համակարգի նկատմամբ կատարվել է 1268 հանցագործություն, որից 26-ը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքեր են եղել: Աղբյուրի համաձայն` 2004 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցվել է սեփականության դեմ ուղղված 1656 հանցագործություն, որից պետական կամ հանրային գույքի հափշտակության 202 եւ անձնական գույքի` 1342 դեպք: Հանցագործությունների ամենամեծ թիվը գրանցվել է Շիրակի մարզում` 394 եւ ամենաքիչը` Վայոց Ձորում` 62: Երեւանում ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 1851 հանցագործություն:
 Ուշագրավ
---