97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի կինոփառատոն, X օր. Սիրառատ, անսպասելի և հուզված (վիդեո)

Կաննի կինոփառատոն, X օր. Սիրառատ, անսպասելի և հուզված

PanARMENIAN.Net -

Մայիսի 27-ին Լազուր ափին ավարտվեց համաշխարհային կինոարտադրության ամենանշանակալի իրադարձություններից մեկը` Կաննի 65-րդ կինոփառատոնը: Վերջին անգամ այս տարի համաշխարհային մեծության աստղերն առայժմ ոչ այնքան հայտնի, բայց հեռանկարային աստղիկները քայլեցին կարմիր ուղեգորգով` դիրքեր ընդունելով լուսանկարիչների համար և ժպիտներ բաժանելով երկրպագուներին: Այդ տարի վերջին անգամ համաշխարհային պարբերականները քննարկում էին, թե ով և ում հեղինակած հագուստով էր հայտնվել Կաննում, ով ինչպես էր իրեն պահում գործընկերների և երկրպագուների հետ: Բայց դեռ երկար ժամանակ կցնցեն Կաննի 65-րդ կինոփառատոնում շնորհված պարգևները: Եվ այսպես, սկսենք:

Սերը հաղթեց նաև Կաննում

Ինչպես և կանխագուշակում էին շատերը, Կաննի 65-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղը ստացավ ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեքեն «Սեր» ֆիլմի համար: Ժյուրիի նախագահ Նաննի Մորետտին առանձնապես ընդգծեց երկու գլխավոր դերակատարների` Ժան-Լուի Տրենտինյանի և Էմմանյուել Ռիվայի ներդրումը: Պարգևը ստանալու համար նրանք բեմ բարձրացան ռեժիսորի հետ միասին: Սակայն ավելի ուշ Մորետտին լրագրողներին բացատրեց, որ Ոսկե արմավենու ճյուղը ենթադրում է, որ կինոնկարը ոչ մի այլ` պակաս խոշոր պարգև չի կարող ստանալ, ուստի ո'չ Տրենտինյանը, ո'չ Ռիվան իրենց կատարած դերերի համար մրցանակներ չստացան:

Իրական պարգևատրություն

Իսկ փառատոնի գրան-պրին ստացավ իտալացի ռեժիսորը «Ռեալիթի» ֆիլմի համար, որն ի սկզբանե ֆավորիտների թվում չէր: Միգուցե հենց այդ պատճառով էլ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Գարրոնեին գրան-պրիի շնորհումն ուղեկցվում էր սուլոցներով դահլիճից և «բո՜ւ»-երով լրագրողներից: Գարրոնեն արդեն մի անգամ` 2008 թվականին, ստացել է փառատոնի գրան-պրի «Գոմորի» համար:

Ի դեպ, «Ռեալիթի» ֆիլմի գլխավոր դերակատար Անյելլո Արենեն չկարողացավ կիսել նկարահանման խմբի հաջողությունը, քանի որ, ինչպես մենք արդեն գրել ենք, նրան փառատոնին մեկնելու համար ազատ չարձակեցին բանտից, որտեղ նա 20-ամյա ազատազրկման է դատապարտված:

«Հրեշտակների բաժինը» առանց ծախսերի կրճատման

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակը բաժին հասավ բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչին «Հրեշտակների բաժինը» կինոնկարի համար: Ստանալով մրցանակը` ռեժիսորը, որը 2006-ին Ոսկե արմավենու ճյուղի է արժանացել «Քամին, որն օրորում է ցախը» ֆիլմի համար, ողջունել է նրանց, «ովքեր այս դժվար ժամանակներում դիմակայում են բյուջեի կրճատումներին, սեփականացումներին և ծախսերի այլ կրճատումներին»:

Ժյուրին հավանել է վայրի գազաններին

Կաննի 65-րդ կինոփառատոնի լավագույն դեբյուտային աշխատանք է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր Բեն Զայթլինի «Վայրի հարավի գազանները», որը հունվարին «Սանդենս» փառատոնի դափնեկիր էր դարձել: Ստանալով մրցանակը` Զայթլինն ասել է. «Այս մրցանակը արիության և հավատի համար է, ոչ թե կատարելության, ֆիլմն առաջինն էր բոլորիս համար` և' դերասանների, և' ինձ, և' պրոդյուսերների»:

Անակնկալ խավարից հետո

Անձամբ ինձ համար անակնկալ դարձավ մեքսիկացի Կառլոս Ռեյգադասի պարգևատրությունը, որը Կանն էր բերել «Խավարից հետո լույս» կինոնկարը, լավագույն ռեժիսուրայի համար: Ֆիլմը Լազուր ափին միանշանակ չընդունվեց, բոլորը չէին, որ հասկացան մեքսիկական հումորը: Ինքը` Ռեյգադասը, ստանալով մրցանակը, շնորհակալություն հայտնեց փառատոնին, որը հավատաց իր ֆիլմին, հանդիսատեսներին, որոնք դիտեցին ֆիլմը, և լրագրողներին, որոնք երեք օր տանջում էին իրեն:

Միանգամից երեք մրցանակ ռումինական բլուրներից այն կողմ

Կաննի ժյուրին լավագույն սցենար ճանաչեց ռումինական ռեժիսոր Կրիստիան Մունջուի «Բլուրներից այն կողմ» ֆիլմի սցենարը: Ոսկե արմավենի ստանալով Նաստասյա Կինսկիի ձեռքերից` ռեժիսորը կոչ արեց չմոռանալ, որ դա ճշմարիտ պատմություն է, որի հետևում կանգնած են մարդիկ, որոնք իսկապես տառապել են: «Ես հուսով եմ, որ իմ ֆիլմերը կօգնեն կյանքն ավելի լավը դարձնել»,- ասել է Մունջուն:

Մրցանակը լավագույն սցենարի համար միակը չէր, որին արժանացավ «Բլուրներից այն կողմ» ֆիլմը: Հենց ֆիլմի գլխավոր հերոսուհիները` Կրիստինա Ֆլյուտուրն ու Կոսմինա Ստրատանը մրցանակ ստացան լավագույն կնոջ լավագույն դերակատարման համար: «Շնորհակալություն բոլորին, ովքեր կարեկցում էին ֆիլմին, բոլորին, ովքեր այս ֆիլմի վերաբերյալ իրենց կարծիքն ունեին, ու նախ և առաջ շնորհակալություն Կրիստիան Մունջուին այն ամենի համար, ինչ նա մեզ տվեց և այն բանի համար, որ նա հիանալի է աշխատում դերասանների հետ»,- ասել է Ֆլյուտուրը` ստանալով մրցանակը: «Ես համաձայն եմ,- հավելել է Կոսմինա Ստրատանը:- Մեզ համար մեծ պատիվ է այստեղ հայտնվելը, ընդ որում` ժամանակին: Շնորհակալություն բոլորին` իմ ընտանիքին, իմ զուգընկերոջը: Շնորհակալություն և Աստված ձեզ պահապան»:

Հուզված Մեդս Միկկելսենը

Իսկ ահա տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակ ստացավ Մեդս Միկկելսենը Թոմաս Վինտերբերգի «Որս» ֆիլմում մանկապղծության մեջ մեղադրված ուսուցչի դերը կատարելու համար: Միկկելսենը, ստանալով մրցանակը, ասել է, որ իսկապես շոյված է: «Ես հույս ունեմ կիսելու այս մրցանակը բոլոր նրանց հետ, ովքեր կինո են նկարում, նրանց հետ, ովքեր հավատում են դրան` իմ կնոջ և երեք երեխաների, բոլոր դերասանների, ում հետ ես աշխատել եմ այս ֆիլմում, պրոդյուսերների հետ, սակայն 80%-ով այս մրցանակը պատկանում է Թոմաս Վինտերբերգին»,- ասել է Միկկելսենը:

Մնացած մրցանակները

«Հատուկ հայացք» մրցույթում հաղթեց Միշել Ֆրանկոյի «Լուսիայից հետո» կինոնկարը, լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց թուրք ռեժիսոր Ռեզան Եսիլբաշի «Լռությունը»: Կար և այսպիսի անվանակարգ` հատուկ հիշատակություն «Հատուկ հայացք» ծրագրում: Այս տարի դա ռեժիսոր Այդ Բեգիչի «Սարայևոյի երեխաներն» էր:

«Հատուկ հայացք» ծրագրում կնոջ լավագույն դերակատարուհու մրցանակը բաժին ընկավ Էմիլի Դեկյեննին «Սիրել առանց պատճառ» ֆիլմում կատարած դերի համար և Սյուզան Կլեմանին «Ամեն դեպքում Լոուրենս» ֆիլմի համար: «Հատուկ հայացքի» ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց ռեժիսորներ Գյուստավ դե Կերվերնի և Բենուա Դելեպինի «Մեծ երեկո» ֆիլմին:

Ինչպես մենք արդեն գրել ենք, ռուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմին, որը հիմնական մրցույթին էր մասնակցում, բաժին հասավ FIPRESCI մրցանակը, իսկ Cinefondation դեբյուտների մրցույթում հաղթեց մոսկովյան ռեժիսոր Տայիսիա Իգումենցևան, որը ԿՀՊԻ-ում որպես դիպլոմային աշխատանք նկարահանել էր «Ճանապարահ դեպի…» ֆիլմը: Cinefondation ծրագրի երկրորդ մրցանակը ստացավ ամերիկյան ռեժիսոր Մեթյու Ջեյմս Ռեյլիի «Էբիգեյլ» ֆիլմը, երրորդը` կուբացի Միգել Անխել Մուլետի «Հյուրանոցները»:

Կուլիսներում

Պարգևատրման արարողությունից հետո Կաննի ժյուրիի նախագահ Նաննի Մորետտին խոստովանեց, որ ժյուրիի աշխատանքն ընթացել է բարեմական մթնոլորտում, բայց ոչ մի մրցանակ միաձայն չի շնորհվել: Փառատոնի հաղթողների որոշմանը մասնակցում էին մոդելյեր Ժան Պոլ Գոտյեն, ռեժիսորներ Անդրեա Առնոլդը, Ալեքսանդր Փեյնը և Ռաուլ Փեքը, ինչպես նաև դերասաններ Հիամ Աբբասը, Էմմանյուել Դևոն, Դիանա Կրյուգերն ու Յուէն ՄաքԳրեգորը:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Յուէնին ազնվության, Հիամին` կրքոտության, ԺաՊոլին, որը կատարյալ կարեկից հանդիսատես էր, հիանալի տրամադրության, Դիանային` համառության, Էմմանյուելին` նրբանկատության, Ռաուլին` բազմակողմանի գիտելիքների, Անդրեային` էներգիայի, Ալեքսանդրին` կինեմատոգրաֆիայի պատմության վերաբերյալ գիտելիքների համար»,- հայտնել է Մորետտին` հավելելով, որ ժյուրին հավաքվել է ութ անգամ, և քննարկումները բավական հանգամանալից են եղել:

Ժյուրիի նախագահի խոսքով` ամենից շատ վեճեր էին ծագել Լեոս Կարակսի («Հոլի Մոթորս»), Ուլրիխ Զայդլի («Պարադիզ. Սեր») և Կառլոս Ռեյգադասի («Խավարից հետո լույս») ֆիլմերի շուրջ: «Բայց անհնար է ամեն տեղ միաձայնության հասնել»,- խոստովանել է Մորետտին` հիշեցնելով, որ Ռեյգադասին արդյունքում բաժին հասավ մրցանակը լավագույն ռեժիսուրայի համար, թեև այդ ֆիլմը հակասական արձագանք էր առաջացրել ոչ միայն ժյուրիի անդամների շրջանում, այլև մամուլում: Մորետտիի խոսքով` դատավորների մի մասը տարվել էր նոր կինոլեզվով, մինչդեռ հանձնախմբի որոշ անդամներ այնքան էլ չգնահատեցին մեքսիկացի ռեժիսորի ֆիլմի աղոտ սյուժեն և աղավաղված պատկերները:

Մորետտին ընդգծել է, որ բոլոր պարգևատրված ֆիլմերը տարբեր ոճ և տրամադրություն ունեին, այնպես որ ժյուրին ընտրության որևէ միասնական սկզբունքով չի առաջնորդվել:

Ամփոփում հեղինակից

Մի քիչ տխուր է, որ փառատոնն արդեն ավարտվել է: 11 օրվա ընթացքում արդեն սովորական էին դարձել Կաննի խրոնիկաները, բամբասանքները այդ բառի լավ իմաստով, սկանդալները, զավեշտալի միջադեպերը: Բայց, ինչպես հայտնի է, մի բանի վերջը միշտ մեկ ուրիշ բանի սկիզբն է, ուստի կսպասենք Կաննի 66-րդ կինոփառատոնին և Լազուր ափ կվերադառնանք 2013 թվականին:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
22  22.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 6
33  23.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 7
42  24.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 8
21  25.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 9
39  26.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 10
20  27.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 11
29  28.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 12
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---