Երևանի պատմության թանգարանում կբացվի լիբանանահայ քանդակագործի ցուցահանդեսը![]() 20 հունիսի 2012 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի կապակցությամբ` Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում տեղի կունենա լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը: Զավեն Խտըշյանը ծնվել է 1932թ. Բեյրութում: 1949-1952թթ. ուսանել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում: 1958թ. ավարտել է Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցը: Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը Լիբանանում, Լիբանանի մեծագույն մտավորական Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրին, Գարեգին Նժդեհի կիսանդրին, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում: Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է: 1976թ. Ֆրանսիայի հանրահայտ Larousse հրատարակչությունը լույս է ընծայել L’art et le monde moderne` «Արվեստը և արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է նաև Զավեն Խտըշյանի անունը: 2012թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական կոնդակով Զավեն Խտըշյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |