ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՊԱՅՔԱՐԸ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՄԻ ՔԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմադիր ուժերը կշարունակեն պայքարը գործող իշխանությունների դեմ երեք ուղղություններով` հանրահավաքների, Սահմանադրական դատարանի եւ երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական դաշինք ձեւավորելու միջոցով: Այդ մասին, «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է խորհրդարանի պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, «Արդարություն» նախընտրական ընդդիմադիր դաշինքի մեջ մտնում են 9 կուսակցություն եւ 137 պատգամավորության թեկնածու: Նշենք, որ ընդդիմադիր դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են` Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արամ Սարգսյանը, Ազգային-ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, «Հեռանկար» ռազմավարական կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, պատգամավորներ Շավարշ Քոչարյանը եւ Արշակ Սադոյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունները կկայանան մայիսի 25-ին:
 Ուշագրավ
---