«Ոսկե ծիրան». Սերբ ռեժիսորը ցանկանում է ֆիլմ նկարահանել Հայաստանի մորմոնների մասին

«Ոսկե ծիրան». Սերբ ռեժիսորը ցանկանում է ֆիլմ նկարահանել Հայաստանի մորմոնների մասին

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված է սերբ ռեժիսոր Գորան Ռադովանովիչի «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմը:

«Առաջին անգամ եմ միջազգային կինո ցուցադրում, որովհետև դրանից առաջ ապրում և աշխատում էի Սերբիայում, Սերբիայի համար»,-մամլո ասուլիսի ժամանակ կիսվեց Ռադովանովիչը:

Իրադարձությունները տեղի են ունենում Կուբայում, Հավանայից 850 կմ արևելք: Սիերրա Մաեստրայի բնակիչների ճակատագիրը պատկերված է գաղափարախոսական էքստազի օրը` Կուբայի հեղափոխության 52-րդ տարեդարձին: Հաջորդ օրը, իներցիայի ուժով, բոլորը վերադառնոմ են առօրյա ռիթմին, որն անփոփոխ է և ոչ այնքան խոստումնալից: Նույնիսկ բարձրախոսները, որոնք շարունակ 52 տարվա վաղեմության գաղափարախոսական կարգախոսներ են հնչեցնում:

«Շնորհակալ եմ իմ կոմունիստական մանկությանը, որ կարողացա զուգահեռներ անցկացնել Սերբիայի և Կուբայի միջև»,-կատակեց ռեժիսորը: Նա Կուբայում երեք մեծ խնդիր հայտնաբերեց: Առաջինը դա ֆիզիկական շարժի խնդիր է, որովհետև մարդիկ ապրում և մահանում են նույն վայրում, չեն փոխում իրենց տունն ու աշխատանքը:

Երկրորդը դա վախն է համակարգի նկատմամբ: Բոլոր փողոցների վերջում հեղափոխության պաշտպանության կենտրոններ կային: Ամեն ինչ պետք է լինի ընդհանուր: Վերջին մեծ խնդիրը, ըստ ռեժիսորի, իրականության և հռչակվող գաղափարների միջև տարբերությունն է: Այնուամենայնիվ, ռեժիսորը փորձել է վերծուծել, ոչ թե դատել: Ընդհանուր առմամբ նրանք լավ բարի մարդիկ են, գտնում է նա:

Ռադովանովիչը Հայաստան գալով զարմացած է, որ այստեղ կան մորմոններ, որոնց կրոնը ներմուծվել է ԱՄՆ-ից: Նա կցանկանար հենց դրա մասին ֆիլմ նկարահանել: Ռադովանովիչը գտնում է, որ դա անհեթեթություն է, որովհետև հայերը հնագույն քրիստոնյաներն են աշխարհում: «Դրա մասին, միանշանակ, կարելի է ֆիլմ նկարել»,-եզրափակեց նա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---