ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՏԱԾԵԼ ՏԱՐԱԾՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Փոնսելեի հրավերով երեկ Վերսալում կայացել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներ Արթուր Բաղդասարյանի, Նինո Բուրջանաձեի եր Մուրթուզ Ալեսքերովի երրորդ հանդիպումը: Ինչպես հաղորդել են Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում Քրիստիան Փոնսելեն նշել է նման հանդիպումների անցկացման կարեւորությունը խորհրդարանական դիվանագիտության զարգացման տեսակետից: Նա հույս է հայտնել, որ քննարկումների միջոցով կգտնվի Հարավային Կովկասի մի շարք խնդիրների լուծումը: Նշենք, որ զբոսաշրջության զարգացման հարցի վերաբերյալ կարծիքների փոխանակումից բացի, քննարկում է տեղի ունեցել նաեւ «Մշակութային ժառանգության գնահատում» թեմայով: Զրույցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կոչ է արել ադրբեջանական պատվիրակության անդամներին քայլ անել դեպի ապագան` նշելով, որ անհրաժեշտ է մտածել տարածաշրջանային զարգացման ապահովման մասին: Ինչպես հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, «Հարավային Կովկասի երկրներում պետք է ստեղծվի անհրաժեշտ մթնոլորտ հակամարտությունների կարգավորման համար»: Նշենք, որ նախօրեին երեք հանրապետությունների խորհրդարանների նախագահները Ֆրանսիայում հանդիպումներ են ունեցել ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրոյի, ֆրանսիացի քաղաքական փորձագետների հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն «քառյակի» հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում, իսկ այնուհետեւ` Հայաստանում:
 Ուշագրավ
---