Շահան Քանդահարյան. Սաֆարովին ներում շնորհելու մասին Ալիևի որոշումը անակնկալ չէր

Շահան Քանդահարյան. Սաֆարովին ներում շնորհելու մասին Ալիևի որոշումը անակնկալ չէր

PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ալիևի որոշումը անակնկալ չէր՝ մարդասպանը ազատ արձակելու առումով, PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը։ «Ադրբեջանը վաղուց արդեն հերոսի նման էր ընկալում ոճրագործին։ Խնդիրը այստեղ Հունգարիայի իշխանություններին ընդառաջ գնալն էր Բաքվի առաջարկած գործարքին։ Կարծում եմ համայն հայության քարոզչաքաղաքական գործողությունները պետք է ուղղել Հունգարիայի առած քայլին դեմ լուսարձակի տակ բերելով առնված քայլին հակաօրինականությունը, Եվրոպական նորմերի հետ հակասությունը շեշտելով, որ երևույթը անուղղակի քաջալերում է մարդասպանությունը։ Այս դեպքում սա խոսում է մարդասպանության անպատժելիության և անուղղակի խրախուսում է էթնիկ հողի վրա նման սպանությունների կրկնությունը»,-ասել է Քանդահարյանը:

Նա նշել է նաև, որ ՀՀ նախագահի քայլը՝ դադարեցնելու Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը, սկսելու համար ընկալելի քայլ է, որին պետք է հետևեն այլ որոշումներ։ Համոզված եմ, որ Սփյուռքը անելիք ունի՝ օտար երկրներում հարցը բարձրաձայնելու և պատահածը հակադրելու միջազգային և եվրոպական նորմերին դեմ»,-ասել է Քանդահարյանը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---