Ֆրանսահայերը Փարիզում Հունգարիայի դեսպանատան մոտ կպահանջեն բանտարկել Սաֆարովին

Ֆրանսահայերը Փարիզում Հունգարիայի դեսպանատան մոտ կպահանջեն բանտարկել Սաֆարովին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Հունգարիայի դեսպանատան մոտ կանցկացնի բողոքի լայնամասշտաբ ակցիա հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու դեմ, հաղորդում է Nouvelles d'Arménie-ն:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ է արել հունգարական իշխանություններին պահանջել Ադրբեջանից Սաֆարովին բանտ նստեցնել: «Սաֆարովին ներում շնորհելը միջազգային օրենսդրության խախտում է, կրկնահանցագործության կոչ և սպառնալիքի տակ է դնում հայ ժողովրդի կյանքի և ազատության իրավունքը»,- հայտարարել է խորհուրդը:

Ֆրանսիայի հայ համայնքն անընդունելի է համարում հայ սպային սպանած Սաֆարովին ներում շնորհելը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին և դա համարում պանթուրքական քաղաքականության շարունակություն:

Սեպտեմբերի 6-ին բողոքի ակցիայի ընթացքում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր են դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի կողմից ԵԽ արժեքների ոտնահարումը և պահանջել, որպեսզի Սաֆարովը շարունակի պատիժ կրել միջազգային հսկողության տակ:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---