Հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ-ում Իտալիայի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հանրահայտ I Solisti Veneti իտալական նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի հիմնադիր, մաեստրո Կլաուդիո Շիմոնեն: Համերգի ժամանակ կհնչեն Զ. Ռոսսինիի, Ա. Վիվալդիի, Զ. Սալիերիի, Ն. Պագանինիի, Ա. Պոնկելիի, Զ. Վերդիի անմահ գործերից: I Solisti Veneti նվագախումբը հիմնադրել և ղեկավարում է Մաեստրո Կլաուդիո Շիմոնեն, ում ստեղծագործական գործունեության 50-ամյակը նշվել է 2010 թ.: Նվագախումբը համաշխարհային համբավ է ձեռք բերել ամենահեղինակավոր միջազգային փառատոներին հաջողությամբ մասնակցելու և 80-ից ավելի երկրներում շուրջ 5.500 համերգային ծրագրերով ներկայանալու շնորհիվ: Թողարկել է բարձրարժեք ձայնագրությունների 350-ից ավելի սկավառակ: Նվագախումբը հարուստ մշակութային գործունեություն է ծավալում` համագործակցելով մեր ժամանակների լավագույն երգիչների ու մենակատարների հետ: I Solisti Veneti նվագախմբի գործունեության առանցքն է կազմում նաև իտալական երաժշտության հարստագույն ժառանգության նախկինում անծանոթ ստեղծագործությունների հանրահռչակումն ու միջազգային հանրությանը ներկայացնելը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: