1 հոկտեմբերի 2012 - 12:19 AMT
Վրաստանում ընտրությունների շեմին սպանել են ընդդիմադիր գործչի 10 ամսական զարմուհուն՝ Բարբարա Ռաֆալյանին

Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Գուջարանի շրջանի Կոլագա գյուղում 10 ամսական երեխա է մահացել: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, երեխան սկզբում անհետացել է՝ նրան քնացրել էին առաջին հարկում, իսկ ընտանիքն ընթրում էր տան երկրորդ հարկում: Որոնումներից հետո երեխան հայտնաբերվել է ջրով լցված գինու մեծ կարասում, անգիտակից վիճակում: Երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել նրան չի հաջողվել:

Երեխայի մորաքույրը՝ Մանանա Բերիկաշվիլին «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության համակարգող է: Ելնելով դրանից, երեխայի մահը իշխող կուսակցության հասցեին քաղաքական մեղադրանքների պատճառ է դարձել: Հարազատները երեխայի առևանգման և սպանության մեջ մեղարդում են «Միասնական ազգային շարժմանը»: Մանանա Բերիկաշվիլին մեղադրում է իր մրցակից Գիորգի Գվինիաշվիլուն և պահանջում է նրա ձերբակալությունը:

Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ՆԳՆ-ն:

«Ոստիկանությունը դիմում է ստացել 10 ամսական Բարբարա Ռաֆալյանի անհետացման մասին Գուջարանի շրջանի Կոլագա գյուղում: Ոստիկանությունն անհապաղ ձեռնամուխ է եղել երեխայի որոնումներին ընտանիքի հետ միասին: Երեխան շուտով հայտնաբերվել է ջրով լի կարասում տան բակում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ցավոք, երեխան մահացել է: ՆԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնում ընտանիքին և խոստանում է առավելագույնն անել բոլոր մանրամասները պարզելու համար:

«Վրացական երազանք» կոալիցիայից մեծամասնական կարգով առաջադրված պատգամավոր Մանանա Բերիկաշվիլին այդ առնչությամբ հանդես է գալիս քաղաքական հայտարարությամբ: Ցավալի է, որ նման ողբերգական դեպքը քաղաքական շահարկումների պատճառ է դարձել «Վրացական երազանքի» համար»,-ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: