ԳԵԴԻՄԻՆԱՍ ԿԻՐԿԻԼԱՍ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԵՎ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ասուլիսը: Արձանագրելով երկկողմ հարաբերությունների վերջին տարիներին նկատելի առաջընթացը եւ ավանդական կապերի վերականգնումը, վարչապետը նշել է, որ դրան նպաստում են նաեւ Լիտվայի եւ Հայաստանի բարձր մակարդակի փոխայցելությունները: Նրա խոսքերով, համագործակցության ակտիվացումը նկատելի է մասնավորապես, ռազմական ոլորտում, որի վկայությունն է նաեւ Գեդիմինաս Կիրկիլասի ներկայիս այցը: Իր հերթին, Կիրկիլասը եւս հայտնել է իր երկրի պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի հետ: Նրա խոսքերով, վերջին ժամանակներս նկատելի է Հայաստանի առաջընթացը տնտեսության զարգացման, եվրոպական արժեքային համակարգին ինտեգրման ուղղություններով: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ Լիտվայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խթանումը եւս բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից: Ինչպես նշել է Ա.Մարգարյանը, Լիտվայի անդամագրումը Եվրամիությանը, ինչպես նաեւ Հայաստանի մտադրությունը բարեփոխումների միջոցով վարել «հարեւանության» քաղաքականություն դուրս կբերի հայ-լիտվական տնտեսական, քաղաքական եւ ռազմական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի տարբեր եվրոպական կառույցների շրջանակներում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում համագործակցությանն ուղղված գործընթացների ակտիվացման, տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, որում, ըստ Ա. Մարգարյանի, կարեւոր է նաեւ Լիտվայի ու Բալթյան մյուս երկրների վարած հավասարակշիռ քաղաքականությունը: Կողմերը քթննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող խնդիրների:
 Ուշագրավ
---