ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը ընդունել է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկուցողներ Եժի Յասկերնիային եւ Ժորժ Կոլումբիեին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ Հայաստանի խորհրդարանն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական բարեփոխումների կոալիցիոն կուսակցությունների նախագիծը, որտեղ ներառվել են Վենետիկի հանձնաժողովի բազում առաջարկներ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում հնարավորը կարվի, որպեսզի սահմանադրական բարեփոխումների տարբերակը համապատասխանի ներկայացվող պահանջներին. ինչպես նաեւ, որ հունիսին Երեւանում ԵԽ փորձագետների հետ այդ տարբերակը մի անգամ եւս կքննարկվի նախքան երկրորդ ընթերցումը: Հանրաքվեի ժամկետների առնչությամբ նշվեց, որ նպատակահարմար է աշնան սկիզբը: Նրա խոսքերով, դա հնարավորություն կտա հուլիս-օգոստոս ամիսներին ծանոթանալ հանրաքվեի դրվող նախագծին: Կարեւորվեց նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը եւս պահանջել է երկարատեւ համաձայնեցումների փուլ եւ այժմ Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունված են: Ինչպես նշել է Ա.Բաղդասարյանը, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքի ընդունումը եւս օրակարգում է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեձոխումների խորացման հարցերը: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կառուցողական դիրքորոշում ունի, ընդունում է փոխզիջումների անհրաժեշտությունը եւ պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները:
 Ուշագրավ
---