ԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ԵՆ ՕՋԱԼԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ստրասբուրգում հանձնարարել է Անկարային նոր դատավարություն անցկացնել թուրքական քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գործով: Նախկին դատավարությունը, ըստ ՄԻԵԴ-ի, անիրավացի էր: 1999 թվականի հունիսից Օջալանը առանց վաղաժամկետ ազատման իրավունքի ցմահ բանտարկություն է կրում մեկուսարանում` Մարմարի ծովում գտնվող Իմրալի կղզում: 55-ամյա քուրդը դատապարտվել էր շուրջ 36 հազար մարդկանց մահվան համար այն կռիվների արդյունքում, որոնք վարում էին իր գլխավորած Քուրդիստանի Աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները Թուրքիայի բանակի եւ անվտանգության ուժերի դեմ: Օջալանին Թուրքիայի կողմից ներկայացվող հիմնական մեղադրանքը «ահաբեկչական մեթոդներով քրդական պետության ստեղծումն է երկրի հարավ-արեւելքում: 66-միլիոնանոց Թուրքիայում բնակվում են շուրջ 13 մլն քրդեր: ՄԻԵԴ-ի Մեծ պալատի որոշումը կդրվի Եվրոպայի Խորհրդի վերահսկողության տակ, որի անդամ է նաեւ Թուրքիան: Դատարանը որոշել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթը, ըստ որի ձերբակալվածը իր կալանաման օրինականության ստուգման իրավունք ունի: Սակայն ՄԻԵԴ-ը ձեռնպահ է մնացել Օջալանի ձերբակալումը թուրքական հատուկ ծառայությունների գործակալների կողմից 1999 թվականի փետրվարին Քենիայի Նայրոբի օդանավակայանի միջազգային գոտում ապօրինի համարելուց: Մինչ այդ Օջալանը թաքնվում էր Նայրոբիի հունական դիվանագիտական առաքելությունում, իսկ ավելի վաղ` Ռուսաստանում, որտեղ էլ նրան «խնդրել են թողնել երկիրը» Թուրքիայի ճնշման տակ: Եթե ՄԻԵԴ-ը ապօրինի ճանաչեր Օջալանի ձերբակալումը, ապա թուրքական արդարադատության բոլոր որոշումները կկորցնեին իրենց իրավասությունը: Միեւնույն ժամանակ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Թուրքիային Օջալանի` «որպես թուրք կալանավորներից մեկի» փաստաբաններին վճարել 120 հազար եվրո կրած ծախսերի դիմաց: ՄԻԵԴ-ը նաեւ համարել է, որ մահապատիժը, որը սկզբնական շրջանում կայացվել է պետական անվտանգության դատարանում քուրդ առաջնորդի հանդեպ «անիրավացի դատավարության» արդյունք է եւ Եվրոպական կոնվենցիայի եւս մեկ խախտում: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, մեկնաբանելով ՄԻԵԴ-ի որոշումը, հայտարարել է, թե իր երկիրը «իրավական պետություն է», որում «հարկ չկա կասկածել ոչ թուրքերին, ոչ էլ արտերկրին»: Փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը , անվանելով Օջալանին «աշխարհում հայտնի ահաբեկիչ», խոստացել է, որ կրկնական դատավարությունը կանցկացվի «միջազգային համաձայնագրերի հիմքի» եւ բարեփոխվող թուրքական օրենսդրության հիման վրա: 1999 թվականի դատավարության ժամանակ Օջալանը, խոստովանելով ՔԱԿ-ի կատարած բռնության գործողությունները, կոչ է արել Թուրքիային լուծել քրդերի խնդիրը` տրամադրելով նրանց մշակութային եւ լեզվական ինքնավարություն: Այդ կարծիքը չի հակասում Եվրամիության դիրքորոշմանը ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցում: Գտնվելով բանտում, քուրդ առաջնորդը հրամայել է ՔԱԿ-ի ջոկատներին լքել Թուրքիայի տարածքը եւ հրաժարվել մարտական գործողություններից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---