Ուրուգվայը չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանից` իր Ներկայացուցիչների պալատի խոսնակի` Արցախ կատարած այցի համար

Ուրուգվայը չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանից` իր Ներկայացուցիչների պալատի խոսնակի` Արցախ կատարած այցի համար

PanARMENIAN.Net - Ուրուգվայի ԱԳՆ պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ «բողոքի նոտային»` կապված Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի ղեկավարած պատվիրակության` ԼՂՀ կատարած այցի հետ:

Ուրուգվայի միջազգային գործունեությունը հիմնվում է պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքների, ազգերի ինքնորոշման իրավունքների, ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա: Ուրուգվայի քաղաքական գործունեությունը ևս հիմնվում է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների վրա, ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Նոտայում նաև նշվում է, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը ՄԱԿ-ի հիմնական սկզբունքն է, ինչի վրա և հիմնվում է ուրուգվայական պետությունը:

Խորխե Օրիկոն արտասհմանյան պետության առաջին ներկայացուցիչն է, ով այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ կայացել է նաև Օրիկոյի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Սահակյանն ընդգծել է, որ Ուրուգվայն ու Արցախը բարեկամ պետություններ են, որոնք բազմաթիվ ընդհանրություններ ունեն:

Նախագահը Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ոլորտում, այդ պետության հավասարակշռված քաղաքականությունը` Արցախի Հանրապետության ճանաչման և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում:

Հանդիպումից հետո Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Ուրուգվայը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կճանաչի Արցախի անկախությունը:

Խոսելով Օրիկոյի` Արցախ կատարած այցի մասին, Ուելմոն նշել է, որ դրա համար հատուկ քաջություն պետք չէ: «Սա ընդամենը մի քայլ է»,-հայտարարել է նա:

Օրիկոն հայտարարել է, որ Ուրուգվայում հասկանում են, որ կան երկրներ, որոնք օրինական կերպով ցանկանում են ինքնորոշվել:

Նա նշել է, որ թեև իր երկիրը փոքր է, սակայն պատրաստ է աջակցել Ղարաբաղին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---