2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

PanARMENIAN.Net - 2004 թվականի ընթացքում Հայաստանում վարչական պատասխանատվության են ենթարկվել 10 դատավորներ, իսկ ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում` 6-ը: Այդ մասին OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net ի համատեղ կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը: Նրա խոսքերով, ՀՀ Արդարադատության նախարարության ղեկավարությունը երբեք չի ժխտել կոռուպցիոն երեւույթների առկայությունը երկրի դատական համակարգում: «Դրանք այնքանով են իրական, որքան եւ կաշառակերությունը անցումային շրջանի երկրներում ընդհանուր առմամբ»,-հայտարարել է նա: «Բնական է, -շարունակել է Սաղաթելյանը,-միայն աշխատավարձերի բարձրացմամբ հարցը չես լուծի: Դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու համար նախարարությունը մշակել է միջոցառումների համալիր ծրագիր, որն էլ իրականացվում է այժմ»,-նշել է նա: Ըստ Սաղաթելյանի, «այդ պլանը ներառում է մի շարք կոնկրետ քայլեր` դատավորների նշանակման կարգի փոփոխությունից, նրանց անկախության մակարդակի բարձրացումից, արտաքին գործոնների ազդեցությունից, դատավարության թափանցիկության ավելացումից, ինչը ենթադրում է ձայնագրող միջոցների առկայություն դատարաններում, փաստաթղթերի շրջանառության կարգի փոփոխում դատարաններում, եւ այլն, մինչեւ բնակչության իրավական գրագիտության բարձրացում` իրավական բնույթի տեղեկատվությունը հասու դարձնելու միջոցով հանրության լայն շրջանակների համար»:


 Ուշագրավ
---