ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԷՔՍՊՈ-2005» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է Ճապոնիայի Աիչի նահանգում գործող «Էքսպո-2005» ցուցահանդեսը, որտեղ ՀՀ ազգային օրվա կապակցությամբ մասնակցել հայկական տաղավարի բացման արարողությանը, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Նա ողջույնով դիմել է ցուցահանդեսի մասնակիցներին եւ հյուրերին, եւ մասնավորապես, նշել, որ նման միջոցառումները, որոնց մասնակցում են աշխարհի 200-ից ավելի երկրներ ու միջազգային կազմակերպություններ, համահունչ են արդի աշխարհում ընթացող ինտեգրման գործընթացներին եւ ժողովուրդների ու պետությունների միջեւ ոչ միայն տնտեսական ու առեւտրային, այլեւ մշակութային եւ հումանիտար կապերի ստեղծման հրաշալի հնարավորություն են ընձեռում: Նրա խոսքերով` «Էքսպո-2005»-ը թույլ կտա զարգացնել բազմակողմ համագործակցություն: Այդ տեսակետից նա խրախուսել է երեք անդրկովկասյան երկրների ներկայացուցիչների միավորումը «Էքսպո» ցուցահանդեսի «Կովկաս» տաղավարում: «Գիտության ու տեխնիկայի առաջընթացի, տնտեսության զարգացման պայմաններում անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները պետությունների ու ժողովուրդների մերձեցման, միմյանց վերաբերյալ առավելագույն տեղեկացվածություն ունենալու եւ համագործակցության հնարավորությունները հստակեցնելու համար»,- հայտարարել է Ա.Մարգարյանը: Այդ կապակցությամբ, նրա խոսքերով` չափազանց կարեւոր է այն ճշմարտության գիտակցումը, որ համաշխարհային ինտեգրումն ու միասնությունը հնարավոր են միայն յուրաքանչյուր ինքնիշխան պետության, յուրաքանչյուր ժողովրդի պատմության, մշակույթի ինքնատիպության պահպանման ու զարգացման շնորհիվ: «Վստահեցնում եմ ձեզ, որ ջերմ ու արեւային Հայաստանից բերել ենք մեր մտքի եւ հոգու այն լավագույնը, ինչը բնորոշ է եղել հայ ժողովրդին իր դարավոր պատմության ողջ ընթացքում, բնորոշ է այսօր, էական է լինելու նաեւ ապագայում»,- հայտարարել է վարչապետը: Հայկական տաղավարի բացումից հետո, Ա. Մարգարյանն այցելել է նաեւ ցուցահանդեսի այլ տաղավարներ: Նշենք, նաեւ, որ Նագոյա քաղաքում Հայաստանի պատվիրակության պատվին կկազմակերպվի ընդունելություն: Հայաստանի կառավարական պատվիրակություն այսօր կմեկնի Տոկիո, որտեղ կայանալու են Անդրանիկ Մարգարյանի երկկողմ հանդիպումները Ճապոնիայի բարձրաստճան պաշտոնյաների հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---