ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՌԱՎԵԼ ԳՆԱՀԱՏԵԼԻ Է, ՔԱՆ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից ունի քաղաքական եւ էական առավել նշանակություն, քան այլ պետությունների կողմից: Այդ մասին, OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net ի համատեղ օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՀՅԴ Հայ դատի ներկայացուցչության ղեկավար Կիրո Մանոյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին այն մասին, թե «ցեղասպանություն» բառի բացակայությունը Բունդեսթագի ընդունած բանաձեւում` այսինքն ցեղասպանության մասնակի ճանաչումը օրինակ չի ծառայի արդյոք այլ երկրների խորհրդարանների համար` Մանոյանը նշել է, որ չէր անվանի դա մասնակի ճանաչում, քանի որ «ցեղասպանություն» բառը կա բանաձեւի նախաբանում: «Բանաձեւի տեքստում ասվում է «պլանավորված ոչնչացման» մասին, որը «ցեղասպանության» բառի մեկնաբանումն է: Դրանով գերմանացիները ցանկացել են ավելի զգայուն լինել Թուրքիայի դիրքորոշման հանդեպ, ինչը փաստորեն այդպես չի ընկալվել Թուրքիայի կողմից»,-նշել է նա: «Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կողմից, որը Օսմանյան կայսրության դաշնակիցն էր Առաջաին Համաշխարհային պատերազմի ժամանակ, վկայում է անհերքելի փաստի մասին: Վատ չէր լինի, եթե մյուս երկրները եւս հետեւեին Գերմանիայի օրինակին եւ նրա պես մի կողմից ճանաչեին մեղքի իրենց բաժինը, մոյւս կողմից` կոչ անեին Թուրքիային ճանաչել սեփական պատմությունը: Պետք չէ թերագնահատել Գերմանիայի այդ դիրքրոշումը»,-ընդգծել է Մանոյանը:


 Ուշագրավ
---