ՀՀ ԱԳՆ. ՈՐԵՎԷ ԿՈՆԿԵՐՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԿԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա օգոստոսի 22-ին Մոսկվայում` ԱՊՀ անդամ-երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, հաղորդում է Բաքվի «Day.az» գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Ըստ աղբյուրի, մինչ երկու երկրների նախագահների օգոստոսի 26-ին Կազանում կայանալիք հանդիպումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մանրամասները: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 17-18 Փարիզում «Պրահայի գործընթացի» շրջանակներում: Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը նշել է, որ որեւէ կոնկրետ տեղեկություն Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման վերաբերյալ «դեռեւս չկա»: «Ավելի լավ կլինի այդ հարցը ճշտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից, որոնք այսօր ժամանում են Երեւան, քանի որ հենց նրանք են պատասխանատու նախարարների հանդիպման կազմակերպման եւ անցկացման համար»,-հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը, հաղորդում է «Ռեգնում » գործակալությունը:
 Ուշագրավ
---