19 հուլիսի 2005 - 10:26 AMT
ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՕԳՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի հետ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԲ-ի հետ ՀՀ կառավարության հետագա համագործակցության հարցերը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում իրագործվող ծրագրերը մեկ ընդհանուր ծրագրում ներառելու անհրաժեշտությունը: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ էլէկտրոնային կառավարման գաղափարի իրականացումը, որը ՀՀ կառավարությունը հաստատակամ է կյանքի կոչելու, կնպաստի համակարգման խնդրի լուծմանը եւս` միաժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծելով մասնավոր հատվածի համար: Ա.Մարգարյանն ընդգծել է նաեւ, որ ՀՀ կառավարության համար շատ կարեւոր է առկա հնարավորությունների եւ դրանց արդյունավետ օգտագործման ժամկետների ճիշտ գնահատումը, գերակայություններից ելնելով առաջնահերթությունների սահմանումը, եւ այդ ամենը պետք է ծառայի նախատեսած նպատակին եւ ակնկալած արդյունքը ստանալու համար: Իր հերթին Ռոբինսոնը պատրաստակամություն է հայտնել ՀՀ կառավարությունից պաշտոնական գրություն ստանալուց հետո, ՀԲ-ի ղեկավարության հետ քննարկել էլետրոնային կառավարման ծրագրի իրագործմանն օժանդակելու հարցը: Նշելով, որ գաղափարը բանկի կողմից ընդունելի է եւ այլ երկրներում նման ծրագրեր հաջողությամբ իրագործվել են` Ռ.Ռոբինսոնը հույս է հայտնել, որ բանկի ղեկավարությունը դրական պատասխան կտա եւ հաճույքով կաջակցի ծրագրի իրականացմանը: