Սերժ Սարգսյան․ Այսուհետ էլ ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր երեխաները սովորեն լավագույն պայմաններում

Սերժ Սարգսյան․ Այսուհետ էլ ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր երեխաները սովորեն լավագույն պայմաններում

PanARMENIAN.Net - Նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արագածոտնի մարզի Թաթուլ, Թալին, ինչպես նաև եզդիաբնակ մի շարք գյուղական համայանքների ընտրողների հետ, հայտնում են թեկնածուի նախընտրական շտաբից: Շիրակի մարզում ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպել է Արթիկ քաղաքի, Թորոսգյուղում՝ Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջանների ներկայացուցիչների և Գյումրու թատերական հրապարակում՝ Արթիկի, Անիի, Ախուրյանի տարածաշրջանների ընտրողների հետ:

Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, ազատամարտիկներ Սամվել Կարապետյանի, Հարություն Բաղդասարյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Այս համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է նաև մշակույթի տուն, ծանոթացել իրականացված հիմնանորոգման աշխատանքներին:

Շիրակում՝ Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ համայնքում, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Շիրակի ձմեռ» մարզական միջոցառմանը:

Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ իր ամբողջ աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես եղել է ժողովրդի հետ, նրա կողքին և ազնիվ ու շիտակ է եղել իր մղումներում, վարքում և գործերում: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ եթե բացթողումներ էլ ունեցել է, ապա երբեք չի հրաժարվել, ձեռքերը չի լվացել դրանցից ու տեր կանգնել միայն լավին, ինչպես հաճախ արվում է, այլ արժանապատվորեն ընդունել և պատրաստ է եղել շտկելու դրանք:

«Մի պարզ ճշմարտություն գիտեմ. երբեք չսխալվելու գաղտնիքը կամ երաշխիքը անբանությունն է: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Ամբողջ աշխատանքային գործունեությանս ընթացքում իմ հիմնական խնդիրներից մեկն է եղել միջավայրն այդ անբաններից մաքրելը: Այդպես էլ շարունակելու եմ: Մենք ծույլ և անբան մարդկանցից ազատվելու ենք՝ ասպարեզ պետք է բացենք նախաձեռնող ու բանիմաց մարդկանց համար: Միայն այդ որակներով մարդկանց հետ միասին կարելի է կերտել ապահով Հայաստան», - ասել է Սերժ Սարգսյանը:

Արագածոտնի և Շիրակի մարզերի ընտրողներին Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ իր գլխավորած քաղաքական թիմը փորձում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ ուղղորդելով աշխատանքային զբաղվածությունը դեպի առավելագույն արդյունք ապահովող բնագավառներ: Նախագահը կարևորել է կրթության ոլորտը, որտեղ, նրա խոսքով, միջոցներ երբեք չեն խնայվել ու չեն խնայվելու, և այսուհետ էլ ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր երեխաները սովորեն լավագույն պայմաններում, ժամանակակից աշխարհում ստանան անհրաժեշտ գիտելիքներ:

Հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է նաև Հանրապետության յուրաքանչյուր բնակավայրում ապրելու և արարելու հարմարավետ պայմաններ ստեղծելու, ծառայությունների անհրաժեշտ որակ ու մատչելիություն ապահովելու կարևորության և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

 Ուշագրավ
---