ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՐՏՈՒԻ ԲԱԼԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՔՈԼԵՋ

PanARMENIAN.Net - Նախօրեին, սեպտեմբերի 8-ին, Էստոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ երկրի պաշտպանության նախարարության պատվիրակությունը այցելել են Տարտուի Բալթյան ռազմական քոլեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Armenian Portal in Estonia-ում: Քոլեջ այցելելուց հետո, Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարարության պատվիրակությունը եղել են նաեւ 1978թ. Հայաստանից բերված խաչքարի մոտ, որը դրվել է որպես հայ եւ էստոն ժողովրդների բարեկամության խորհրդանիշ, որին սկիզբ է դրել դեռեւս մեծ հայ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը: Նշենք, որ Խ.Աբովյանը սովորել է Տարտուի համալսարանում: Այնտեղ էլ տեղի է ունեցել Ս.Սարգսյանի հանդիպումը Տարտուի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախարարը հետաքրքրվել է Տարտույում խաչքարի հայտնվելու պատմությամբ, որը խորհրդային տարիներին եղել Լենինականի քույր-քաղաքը: Համայնքի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ բարեկամությունը երկու ժողովրդների միջեւ երբեւէ կվերականգնվի եւ հնարավոր է, որ հենց հայկական պատվիրակության այցը Էստոնիա, ինչպես նաեւ Էստոնիայի նախագահի այցը Հայաստան խթան կհանդիսանան հայ-էստոնական հարաբերությունների վերածննդի եւ ամրապնդման համար: Հիշեցնենք, որ նախարարի այցը իրականացվում է ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացման ծրագրի (IPAP) շրջանակներում: Այցի ծարգրում են բանակցությունները Էստոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաակ Յիերյուուտի եւ Էստոնիայի պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Ալար Լանեմանի հետ: Քննարկվոր հարցերի ցանկում են` երկու երկրենորւմ անցկացվող ռազմական բարեփոխումների բովանդակությունն ու ընթացքը, տարածաշրջանային գործընկերությունը եւ Էստոնիայի ու Հայաստանի զինծառայողների մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին: Այսօր նախարարը կստորագրի երկու երկրների միջեւ ռազմական գործակցության զարգացման մասին հուշագիրը: Ավելի ուշ, այցի ավարտին Սերժ Սարգսյանը կայցելի Տալիննի հայկական եկեղեցի:
 Ուշագրավ
---