Չեխ պաշտոնյա. Վերջերս Չեխիայի խորհրդարանի ընդունած Խոջալուի բանաձևը ԱԳՆ մոտեցումը չէ

Չեխ պաշտոնյա. Վերջերս Չեխիայի խորհրդարանի ընդունած Խոջալուի բանաձևը ԱԳՆ մոտեցումը չէ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանն այսօր հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային և Արևելյան երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան և ՉՀ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը: Ալեքսանդր Արզումանյանը օգտակար համարեց նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին երկու երկրների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության խորացումը և ակտիվացումը:

Անդրադառնալով վերջերս Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու բանաձևին՝ չեխական կողմը նշեց, որ դա Չեխիայի Հանրապետության արտգործնախարարության մոտեցումը չէ և ցավալի է, որ տեղի է ունեցել նման դեպք: Ելիշկա Ժիգովան նշեց, որ ընդունելով Մինսկի խմբի գործունեությունը՝ Չեխիան շարունակում է իր հավասարակշռված քաղաքականությունը և չի կարծում, որ նման հայտարարությունները կարող են օգտակար լինել: Երկուստեք կարևորվեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Հայաստան- ԵՄ ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաև ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը:

Ողջունելով Հայաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին՝ Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային և Արևելյան երկրների վարչության պետը նշեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում շատ ակտիվ համագործակցում է Եվրամիության հետ, և Չեխիան շահագրգռված է նպաստելու այդ համագործակցության էլ ավելի ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ներքաղաքական իրավիճակին, քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին,տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
---