Հայաստանի եւ Ավստրալիայի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին պաշտոնական այցով մեկնել է Ավստրալիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այսօր Կանբերայում տեղի ունեցավ Վ. Օսկանյանի հանդիպումը Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Ալեքսանդր Դաուների հետ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ավստրալական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակեցին միջազգային իրավիճակի եւ միմյանց տարածաշրջաններում վերջին զարգացումների վերաբերյալ: Վարդան Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ: Երկուստեք կարեւորվեց ավստրալահայ համայնքի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման եւ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման գործում: Երկու երկրների ԱԳՆ նախարարները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպություններում առկա համագործակցությունից: Հանդիպման վերջում նախարար Օսկանյանն իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:



Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ Ավստրալիայի տեխնիկական կրթության նախարար Գարի Հարդգրեվի, ծառայությունների հարցերով նախարար Ջո Հոքիի, ներգաղթի, առեւտրի նախարարի խորհրդարանական քարտուղար սենատոր Սենդի Մակդոնալդի, Հայ-ավստրալական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ սենատոր Մարիզ Փեյնի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Պաշտոնական այցի շրջանակներում նախորդ օրը Վ.Օսկանյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Ավստալիայի հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ, ներկա եղավ Սիդնեյի Սուրբ Հարություն հայկական եկեղեցում մատուցված պատարագին, այցելեց Ավստրալիայի Հայկական համայնքային կենտրոն, ուր հանդես եկավ ելույթով, ինչպես նաեւ զրույցներ ունեցավ Հայ-ավստրալական առեւտրի պալատի եւ Ավստրալիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
---