ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին 12 մլն դոլար կհատկացնի ՓՄՁ ու վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար

ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին 12 մլն դոլար կհատկացնի ՓՄՁ ու վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Երևանում պայմանագրի կնքվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև` «Էներգաարդյունավետության բարձրացում և ՓՄՁ-ների ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, որով ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին 12 մլն դոլար կհատկացնի ՓՄՁ ու վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար: Համապատասխան փաստթուղթը ստորագրեցին ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը և Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ինչպես հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ ղեկավարը, հատկացված միջոցներից 9 մլն դոլարն ուղղվելու է Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսավորմանը, իսմ մնացած 3 մլն դոլարը՝ վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը: Այս անգամ վարկային միջոցները հասանելի կլինեն նաև ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են օգտագործել էներգախնայողության միջոցները:

Արտակ Հանեսյանը հայտնեց նաև, որ վարկային միջոցները կտրամադրվեն նաև դրամով, ինչը թույլ կտա խուսափել տնտեսվարողներին արժութային ռիսկերից, 5 տարի ժամկետով, ընդ որում դրամով վարկերը կհատկացվեն սկսած տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով:

ՓՄՁ զարգացումը Ամերիաբանկի 2013թ. ռազմավարության առանցքային ուղղություններից մեկն է: «Մենք հավակնոտ ծրագրեր ունենք՝ ավելացնել ՓՄՁ պորտֆելը 70 տոկոսով և դա իրատեսական է»,-հայտարարել է բանկիրը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ բանկի վարկային պորտֆելը ՓՄՁ գծով գերազանցում է 100 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկրի ընդհանուր վարկային պորտֆելի 16 տոկոսը: Իրականացվող քայլերի արդյունքում այդ տեսակարար կշիռը հասնում է 19 տոկոսի:

Անդրադառնալով ՓՄՁ զարգացման հեռանկարներին երկրում՝ Արտակ Հանեսյանը առանձնացրեց մի քանի խնդիրներ՝ ՓՄՁ սուբյեկտների կողմից հաշվետվությունների ներկայացման որակն ու կուլտուրան համապատասխան գիտելիքների բացակայության պատճառով, ինչը թույլ կտար բանկերին առավել արագ կողմնորոշվել վարկերի տրամադրման հարցում, արժութային ռիսկերի առկայությունը տնտեսվարողների համար, ինչպես նաև գրավի գնահատման գործընթացը: Վերջին հարցում բանկիրը խոստացավ առավել «մեղմ» մոտեցում դրսևորել:

Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը, ապա հայկական տնտեսության այս հատվածում բանկն առաջատար դիրքերում է, մասնավորապես, ՀԷԿ-երի վարկավորման գծով:

Ըստ Հանեսյանի, ընդհանուր առմամբ, այս երկու ուղղությունների ֆինանսավորման համար բանկին արդեն հաջողվել է շուրջ 200 մլն դոլար ներգրավել:

Իր հերթին Վալերիու Ռազլոգը կարևորեց վարկային համաձայնագրի կնքումը, քանի որ աջակցությունը մասնավոր հատվածին ի դեմս ՓՄՁ-ների և կայուն էներգիայի զարգացումը երկրում առաջնային են Հայաստանի առումով ՎԶԵԲ ռազմավարության մեջ: Նա նաև հույս հայտնեց, որ երկրի իշխանությունները կշարունակեն վարել երկրում բարենպաստ ներդրումային մթնոլորտի ձևավորմանն ուղղված քաղաքականությունը, ինչը թույլ կտա լավ հնարավորություններ ստեղծել ու առավել մատչելի դարձնել վարկերը ՓՄՁ-ների համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---