21 հոկտեմբերի 2005 - 18:29 AMT
Սահմանադրական բարեփոխումները կմոտեցնեն Հայաստանը եվրոպական չափանիշներին
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, շեշտադրվեց խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդումը, քանի որ խորհրդարանները ժողովրդավարության սիրտն են: Փոխադարձաբար կարեւորվեց Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հաջողությունը, որը Հունաստանի դեսպանի խոսքերով, Հայաստանը կմոտեցնի եվրոպական չափանիշներին: Պանայոտա Մավրոմիխալին նշեց, որ իր դիվանագիտական առաքելության նպատակն է առավել սերտացնել հայ-հունական հարաբերությունները, օգտագործելով առկա ներուժը: Անդրադարձ եղավ նաեւ առաջիկայում Հունաստանի խորհրդարանական պատվիրակության այցին, որը կմասնակցի Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարությանը: