Արցախի ԱԺ-ում Լիտվայի հետ բարեկամության խումբ ստեղծելու հռչակագիրն է հրապարակվել

Արցախի ԱԺ-ում Լիտվայի հետ բարեկամության խումբ ստեղծելու հռչակագիրն է հրապարակվել

PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ պատգամավոր Վահրամ Աթանեսյանը հրապարակել է մի խումբ պատգամավորների Հռչակագիրը` ԼՂՀ Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ստորև ներկայացնում ենք Հռչակագրի տեքստը։

«Երախտագիտությամբ ընդունելով Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմասի պատգամավորների Հռչակագիրը Լիտվայի Սեյմասում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին,

Նպատակ ունենալով արդյունավետորեն խորացնել Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ միջխորհրդարանական կապերը հանուն մեր ժողովուրդների և եվրոպական ընկերակցության,

Վերահաստատելով, որ Լիտվայի ու Արցախի ժողովուրդները անկախության համար իրենց պայքարում առաջնորդվել են միջազգային իրավունքի ընդունված նորմերով, ժողովրդավարական արժեքներով և ընդհանուր գաղափարներով,

Հաշվի առնելով, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը ժողովուրդների անվտանգության և ժողովրդավարական զարգացման ապահովման միակ հնարավոր երաշխիքն է,

Հավաստելով Արցախի Հանրապետության վճռականությունը պաշտպանելու իր ինքնիշխանությունը և առկա խնդիրների խաղաղ-բանակցային ճանապարհով լուծման նրա պատրաստակամությունը,

Կարևորելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի պատգամավորների կողմից միջազգային հանրությանը Արցախի Հանրապետության ներգրավելու շնորհակալ ձգտումը,

Մենք` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, ներկայացնելով խորհրդարանի բոլոր խմբակցությունները, հայտարարում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---