Է.Շարմազանով. ՀՀԿ-ն մրցակցային պայքարի կողմնակից է և պայքարելու է հաղթանակի համար![]() 27 մարտի 2013 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 27-ին հանդիպեց Երևանի պետական համալսարանի և ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ, պատասխանեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Ուսանողների խնդրանքով նա անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության միավորման հնարավորությանը: Նրա գնահատմամբ՝ Հանրապետական կուսակցությունը մրցակցային պայքարի կողմնակից է և պայքարելու է հաղթանակի, Երևանի բարեկեցության, նրա զարգացման հեռանկարի համար: Իսկ ընդդիմության միավորման հնարավորությունը, նրա կարծիքով, բավական մշուշոտ է, քանի որ ընդդիմությունը բազմաշերտ է, և նրանց միջև շարունակվում է պայքարը առաջինը լինելու համար: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի միջև հնարավոր երկխոսությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ ինքը կողմնակից է քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելուն և ոչ թե անձնական վիրավորանքներով ու ծայրահեղ հայտարարություններով քաղաքական մթնոլորտը սրելուն: Այս հարցում նա բարձր գնահատեց Հանրապետության նախագահի՝ դիմացինին լսելու պատրաստակամությունն ու օբյեկտիվ, կառուցողական որոշումներ կայացնելու կարողությունը, որոնք նպատակաուղղված են համերաշխ հասարակության օգնությամբ և փոխըմբռնման պայմաններում գոյություն ունեցող խնդիրները օրինական ճանապարհով առավել արդյունավետ լուծելուն: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ իշխանությունը չպետք է առկա թերությունները կոծկելու մտայնությամբ առաջնորդվի, իսկ ընդդիմությունը՝ կատարվածը չտեսնելու և միայն թերությունները մատնանշելու ճանապարհն ընտրի: Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև կադրային քաղաքականությանը, քաղաքացիական հասարակության զարգացման գործում սոցիալական ցանցերի դերին, երկրի անվտանգության խնդիրներին ու Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |