Հայաստանը թեւակոխել է ժողովրդավարական համախմբման եւ եվրաինտեգրման կարեւոր փուլ

PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանի 15-ամյակի տոնակատարությունների առիթով Հայաստան են ժամանել միջազգային կառույցների եւ տարբեր երկրների խորհրդարանների պատվիրակություններ: Այսօր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Բերնար Շրայների հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Տ.Թորոսյանը կարեւորել է ԵԽԽՎ փոխնախագահի այցը Հայաստան, եւ խոսելով սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին, նշել է, որ նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեն լավ հնարավորություն է Հայաստանի համար համախմբման տեսակետից: Հանրաքվեի դրական արդյունքը հնարավորություն կտա Հայաստանին լայն մեխանիզմներ ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ունենալ ավելի հավասարակշռված պետական համակարգ, ավելի անաչառ եւ անկախ դատական համակարգ, տեղական ինքնակառավարման լիարժեք մարմիններ: Տ.Թորոսյանը համոզվածություն է հայտնել, որ հանրաքվեի դրական ելքը, ինչպես նաեւ 2007 եւ 2008 թվականներին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը եվրոպական չափանիշներին համաձայն, ինչպես նաեւ այն հնարավորությունները կյանքի կոչելու դեպքում, որոնք ընձեռում են սահմանադրական փոփոխությունները, լավ հնարավորություն կառաջանա եվրաինտեգրման հետագա քայլերի եւ գործնական ծրագրեր մշակելու համար: Դա հնարավություն կտա ոչ միայն փոխել կյանքը առանձին ոլորտներում, այլ նաեւ վճռական գործողություններ կատարել, անհնար կդարձնի վերադարձը անցյալին եւ թույլ կտա չկորցնել ձեռք բերածը: Սահմանադրական փոփոխությունները շատ կարեւոր են Հայաստանի համար եւ ոչ միայն որպես երկրի հիմնական փաստաթղթի փոփոխություն, այլ նաեւ որպես երկրում կյանքի փոփոխության հիմք: Դեռեւս շատ անելիք կա, սակայն ժողովրդավարական համախմբման եւ եվրաինտեգրման առումով Հայաստանը թեւակոխել է ամենհետաքրքիր եւ կարեւոր փուլը: Այս համատեքստում Տ.Թորոսյանը կարեւերոել է Եվրոպայի Խորհրդի եւ Եվրամիության հանձնաժողովի դերը:



Տ.Թորոսյանը բարձր է գնահատել ԵԽ դերը միասնական Եվրոպայի ստեղծման գործում, ինչպես նաեւ ժողովրդավարական համախմբման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքների կատարելագործման առումով այն 21 երկրներում, որոնք դեռեւս չեն անդամակցում ԵՄ-ին: Բերնար Շրայները համոզվածություն է հայտնել, որ Եվրոպայի Խորհրդի դերը աջակցելն է անցումային շրջանում գտնվող երկրներին ժողովրդավարացման խորացման եւ երկրի կայացման գործում: Եվրոպայի Խորհուրդը ուղորդում է, ուղղություն է ցույց տալիս, սակայն չի պարտադրում: Բերնար Շրայները բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն` ուղղված եվրաինտեգրմանը: ԵԽԽՎ փոխնախագահը համոզվածություն է հայտնել, որ ի տարբերություն 2003 թվականի հանրաքվեի, մասնակցությունը առաջիկա հանրաքվեին ակտիվ կլինի եւ հաջողությամբ կպսակվի: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Տ.Թորոսյանը կարեւորել է ԵԽԽՎ դերն այդ հարցում` նշելով, որ ԵԽԽՎ թիվ 1416 բանաձեւը, որը միանշանակորեն մերժվեց եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, «լավն էր, քանի որ այդ բանաձեւի հիմքում ընկած ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները կիրառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Բանաձեւը առաջարկում էր նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին կոնկրետ քայլեր կատարել անվստահության վերացման, հանդուրժողականության հաստատման եւ ռազմատենչ կոչերով քարոզարշավի բացառման ուղղությամբ:
 Ուշագրավ
---