Ռ.Մեհմանփարաստ. Իրանը հաջողություն է մաղթում ԼՂ հարցի կարգավորման ներկա ձևաչափին

Ռ.Մեհմանփարաստ. Իրանը հաջողություն է մաղթում ԼՂ հարցի կարգավորման ներկա ձևաչափին

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է իր ողջ հնարավորություններն օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն աջակցելու համար: Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ Իրանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասաց, որ հարցը քննարկել են նաև Հայաստանի ներկայացուցիչների հետ: Նա նկատեց, որ Իրանը այս հարցի կարգավորման հարցում միշտ պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին ու Ադրբեջանին, եթե, իհարկե, վերջիններս դիմեն իր միջնորդությանը:

«Կարգավորման բանակցություններն ընթանում են այլ ձևաչափով, Իրանը հաջողություն է մաղթում ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ձևաչափին: Շեշտում ենք քաղաքական լուծումն ու երկխոսության անհրաժեշտությունը»,- ասաց Իրանի ներկայացուցիչը:

Ռամին Մեհմանփարաստը նկատեց, որ խաղաղությունը, անվտանգության ու կայունության ապահովումը բխում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

 Ուշագրավ
---