Վ.Պրյախին.Կոռուպցիայի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում ավելի բարենպաստ է ԱՊՀ մյուս երկրների համեմատությամբ

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչությունը սատարում է այն կազմակերպություններին, որոնք մասնակցում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրին եւ միջոցառումներ են իրականացնում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում»,-հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը այսօր Երեւանում տեղի ունեցած «Արդյունավետ կառավարման միջազգային փորձի կիրառումը ազգային հակակոռուպցիոն միջոցառումներում» թեմայով խորհրդաժողովում: Նրա խոսքերով, արդեն այսօր կարելի է գրանցել կատարված աշխատանքի որոշ դրական արդյունքներ, եւ, ըստ մասնագետների գնահատականի, կոռուպցիայի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում ավելի բարենպաստ է ԱՊՀ մյուս երկրների համեմատությամբ: «Սակայն կոռուպցիան դա այնպիսի չարիք է, որ անհնար է ակնկալել անմիջական արդյունքներ: Կաշառակերության դեմ պայքարը տեւական գործընթաց է»,-նշել է Վ.Պրյախինը: «Մեր կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրերից մենք աջակցում ենք հանրության հետ աշխատանքներին կաշառակերության դեմ պայքարի ոլորտում»,-ավելացրել է նա: Նա նաեւ նշել է, որ 2000 թվականից Երեւանում գործում է ԵԱՀԿ հակակոռուպցիոն աշխատանքային խումբը, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին այդ դժվար խնդրի լուծման գործում: «Մենք գտնում ենք, որ հակակոռուպցիոն գործունեությունը ժողովրդավարական գործընթացների կարեւոր բաղադրիչներից մեկն է»,- հայտարարել է Վ.Պրյախինը: Նրա խոսքերով, աջակցությունը սահմանադրական բարեփոխումների խթանմանը, ղեկավարների անկախությանը, օրենսդրության համապատասխանեցմանը եվրոպական նորմերին` այն բաղադրիչներն են, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար:
 Ուշագրավ
---