Բրիտանացի փորձագետները կոչ են անում հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում ձեւավորված նոր իրողությունները

PanARMENIAN.Net - Անվտանգության եւ զինաթափման խնդիրներով զբաղվող միջազգային ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը` Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS) վերջերս լույս է ընծայել իր հանրահայտ The Military Balance 2005-2006 տարեգրքի նոր համարը:Բրիտանացի փորձագետները, մասնավորապես, նշում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը գերակայում է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կյանքում, թեեւ իրական փոփոխություն չկա կողմերի դիրքորոշումներում: ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս դեռ համարժեք հնարավորություններ չունի նպաստելու հակամարտության վերջնական լուծմանը: Բաքուն հիմնական քաղաքական շեշտը դնում է փախստականների եւ Լեռնային Ղարաբաղի վերահսկած տարածքների խնդրի վրա, որոնք գտնվում են նախկին ԼՂԻՄ վարչական քվազի-սահմաններից դուրս: Միեւնույն ժամանակ, IISS-ի փորձագետները հատուկ ընդգծում են. «Կողմերից ոչ մեկը հաշվի չի առնում այն փաստը, որ իրողությունները այդ վիճելի տարածքներում փոխվել են: Քաղաքական եւ սոցիալական կառուցվածքներն այնտեղ կայացած են եւ հունիսի 19-ին այդ տարածքներում անցկացվել են ընտրություններ»:



Ինչ վերաբերում է քաղաքական իրադրությանը Վրաստանում եւ հակամարտ տարածաշրջաններում` Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, ապա բրիտանացի փորձագետները ցուցաբերում են քննադատական մոտեցում վրացական իշխանությունների գործողություններին: «Հնարավոր առավելագույն վտանգ այդ չլուծված հակամարտությունների համատեքստում իրենից ներկայացնում է վրաց կառավարության անկանխատեսելիությունը, որի արդյունավետ սոցիալական եւ տնտեսական քաղաքականություն վարելու անընդունակությունը հանգեցրեց նրա ժողովրդականության անկման»: Տարեգրքի վերլուծական մասը ընդգծում է, որ ինստիտուտի փորձագետների մոտ կայուն մտահոգություն է առաջացել տարածաշրջանի ակտիվ ռազմականացման առնչությամբ (առաջին հերթին Ադրբեջանի եւ Վրաստանի գործողությունների պատճառով) եւ պատրանքներ չկան առկա տարածաշրջանային հակամարտությունների արագ լուծման հեռանկարների առնչությամբ: Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ Հարավային Կովկասի պետությունների զինված ուժերի եւ առկա ռազմական տեխնիկայի վերաբերյալ տարեգրքի քանակական տվյալները լիովին օբյեկտիվ չեն, ըստ երեւույթին, այն պատճառով, որ հեղինակները տվյալներ են բերում` ելնելով հիմնականում պաշտոնական նյութերից:



Ադրբեջանը (եւ մասամբ Վրաստանը) թաքցնում են իրենց սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ճշգրիտ տվյալները: Օրինակ, Ադրբեջանի առնչությամբ տարեգրքում տանկերի թվաքանակը արդեն որերորդ տարին նշվում է 220 միավոր (դա, Եվրոպայի սովորական սպառազինությունների պայմանագրով Ադրբեջանին թույլատրված առավելագույն քանակն է), մինչդեռ իրականում նա սպառազինության մեջ ունի առնվազն 500-520 միավոր տանկ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---