Րաֆֆի Հովհաննիսյան. 2 տարի անց Թուրքիան կկանգնի երկընտրանքի առջև

Րաֆֆի Հովհաննիսյան. 2 տարի անց Թուրքիան կկանգնի երկընտրանքի առջև

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր կուսակիցների և համակիրների հետ Ազատության հրապարակից երթով եկավ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մնացել է ընդամենը 2 տարի և մինչ այդ հայ ժողովուրդը պետք է ամնե բան անի, որ ունենա իրավական ու սահմանադրական պետություն:

«Պետք է փոխվի միջազգային հանրության կողմից Հայաստան պետության ընկալումը, որ երբ թակենք աշխարհի դուռը և պահանջենք արդարություն. մեզ ճիշտ ճանաչեն: Նոր Հայաստանը պետք է կարողանա իր ազգային շահը ձևակերպել ու ներակայացնել աշխարհին.

«Այդ օրը Թուրքիան կունենա երկու ընտրություն. կամ սահմանը բացել առանց նախապայմանների և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և այդ հարաբերություններն օգտագործել Հայկական հարցը լուծելու և հատուցելու համար կամ, եթե Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մենք պետք է նախապայմաններ առաջ քաշենք, և ներկայացնենք մեր պահանջները»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես մի բանում եմ համոզված՝ ինչպես 2 տարի անց Հայաստանում է լինելու նոր վիճակ, այնպես էլ Թուրքիան է դրական ուղղությամբ շարժվելու»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ այսօր ազգային միասնականության օր է և ոչ թե ողբի. «Ապրիլի 25-ին բացվելու է նոր Հայաստանի օրը»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
---