26 հունվարի 2006 - 20:39 AMT
Ռուսաստանը հարձակողական զենք չի մատակարարի Հարավային Կովկասի երկրներին
«Ռազմական համագործակցության մասին պայմանագիրը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է դեռեւս մի քանի տարի առաջ հենց իմ կողմից, եւ երբ մենք խոսում ենք բալանսի մասին, ապա ի նկատի ունենք, որ Ռուսաստանը չի առաքել եւ չի առաքի սպառազինության այն տեսակները, որոնք կարող են խախտել հավասարակշռությունը ցանկացած տարածաշրջանում»,-հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը այսօր Երեւանում տեղի ունեցած Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում` մեկնաբանելով իր Բաքվում արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանը սպառազինություն կվաճառի եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին կոմերցիոն գներով, բալանսը տարածաշրջանում պահպանելու համար: Ս.Իվանովը պարզաբանեց, որ խոսքը գնում է հարձակողական սպառազինության մասին: Նրա խոսքերով, «զենք բոլորն են վաճառում, եւ դա դաժան շուկա է»: «Բնականաբար, մենք հաշվի ենք առնում հավասարակշռության անհրաժեշտությունը»,-նշել է նա, եւ ավելացրել, որ «ՀԱՊԿ անդամ պետություններին մենք զենքը վաճառում ենք ներքին ռուսական գներով»: Անդրադառնալով «Մարս» ձեռնարկությանը, որը Հայաստանը փոխանցել է Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում, Ս.Իվանովը նշել է, որ ձեռնարկության շահագործման հարցն արդեն քննարկվել է, այդ հարցը նրան էլ է հուզում որպես Ռուսաստանի կառավարության փոխվարչապետի: Նրա խոսքերով, ստեղծվել է հանձնաժողով, որը մինչեւ մարտ կոնկրետ առաջարկներ կներկայացնի: Ռուսաստանի ՊՆ ղեկավարը չի բացառել, որ «Մարսի» գործարկմանը կարող է միանալ մասնավոր ռուսական կապիտալը: «Այդ ձեռնարոկությունը պետք է այնպիսի արտադրանք թողարկի, որի համար եւ ստեղծվել էր, որն անհրաժեշտ է Ռուսաստանին»,-հայտարարել է Ս.Իվանովը եւ հավելել է, որ «ամենակարեւորն այժմ ձեռնարկության առավելագույն ծանրաբեռնվածությունն ապահովելն է»: