Ս.Իվանով. Վրաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը դեռեւս չի սկսվել

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը լրագրողներին է հայտնել, որ այցելել է Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան, ծանոթացել է անձնակազմի մարտական պատրաստվածությանը, տեխնիկական հագեցվածությանը, սպառազինության վիճակին: Ս.Իվանովը գոհունակություն է հայտնել ռազմատեխնիկական ոլորոտւմ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության վերաբերյալ, նշելով, որ այդ համագործակցությունը հաջող է ընթանում: «Ամեն տարի անց են կացվում համատեղ զորավարժություններ: Շարունակվում է հայ զինծառայողների ուսուցումը ռուսական բուհերում, անցում է կատարվել ուսուցման նոր ձեւի: Ռուսաստանում շուրջ 500 կուրսանտներ անվճար ուսուցում են անցնում ՀԱՊԿ շրջանակներում»,-հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Նա նաեւ համոզվածություն է հայտնել, որ այս այցը կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ ոլորտներում: Պատասխանելով ռուսական ռազմակայանները Վրաստանից դուրս բերելու մասին եւ այդ առիթով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կնքված որեւէ իրավական համաձայնագրի մասին հարցին` Ս.Իվանովը հայտարարել է, որ «զորքերի դուրսբերումը Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայաններից դեռեւս չի սկսվել: Ռուսաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ կա համաձայնագիր այն մասին, որ ռուսական զորքերը դուրս կբերվեն Ախալքալաքից մինչեւ 2008 թվականը»: Նա ընդգծել է, որ այդ հարցը կքննարկվի Ռուսաստանի կառավարությունում, որից հետո կքննարկվի Ռուսաստանի Պետական Դումայում:
 Ուշագրավ
---