Համաշխարհային ցուցանիշներով Բաքուն անհամեմատ ետ է մնում Երեւանից

PanARMENIAN.Net - «Առաջին անգամը չէ, որ մենք լսում ենք Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման մասին»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի Երկրորդ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե Բաքուն մտադիր է իր ռազմական բյուջեն հասցնել Հայաստանի ամբողջ բյուջեի ծավալին: ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, թվում է, թե այդ բյուջեն ավելանում է օրեցօր եւ թերեւս դրա համար են ադրբեջանական վայ-մարտիկներն անընդհատ սահմանի վրա խախտում զինադադարի ռեժիմը` սպառելու համար զինամթերքի այդ ավելցուկը: «Բայց եկեք դրան նայենք գլոբալ համատեքստում: Այսօր քաղաքակիրթ աշխարհում ազգերն ու պետություններն մրցակցություն չեն ծավալում իրենց ռազմական բյուջեի չափի շուրջ: Դա այն հարցը չէ, որով կարելի է պարծենալ եւ համեմատվել հարեւանների հետ: Այսօր մրցակցության ոլորտներն այլ տեղերում են: Եւ այդ բոլոր տեղերում Հայաստանն Ադրբեջանից առաջ է անցել: Այդ հարցում համեմատության որեւէ տեղ չկա: Սկսած ՄԱԿ-ի մարդկային զարգացման ցուցանիշներից, Հայաստանը Ադրբեջանից առաջ է»,-նշել է Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, համաձայն համաշխարհային գործակցի, որը կանխորոշում է Հայաստանում ներդրումային մթնոլորտը, Հայաստանը դարձյալ Ադրբեջանից առաջ է: Նրանք նույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չեն: Անհամեմատելի են նույնիսկ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության կամ մամուլի ազատության մակարդակներով: Այն գործակիցներով, որոնցով որոշվում են տնտեսության ազատությունը եւ զարգացումը, ինչպես նաեւ կաշառակերության դեմ պայքարում թափանցիկությունը եւ արդյունավետությունը, Հայաստանն անհամեմատ լավ վիճակում է, քան Ադրբեջանը: Չնայած նրան, որ արդեն քանի տարի է, ինչ Ադրբեջանն արդյունահանում է օրական 400 հազար բարել նավթ, միեւնույնն է` բնակչության մեկ շնչին ընկնող եկամտով առայսօր չի հասել Հայաստանին: «Լավ կլիներ, որ Ադրբեջանը փորձեր Հայաստանին հավասարվել այս ոլորտներում, քան փորձեր մրցակցել եւ պարծենալ իր թվացյալ ռազմական գերազանցությամբ»,-ամփոփել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
---