ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի պայքարը երկրի նախագահի պաշտոնի համար: Ինչպես այսօր նա հայտարարել է լրագրողներին, եթե Հայաստանում անցկացվեն արդար եւ թափանցիկ ընտրություններ, ապա նա հույս ունի հավաքել ընտրողների ձայների 80 տոկոսը: Նախկին նախարարը մտադրություն է հայտնել շարունակել իր մասնակցությունը բոլոր քաղաքական գործընթացներին` նշելով, որ այսօր նրա մասնակցությունը նախընտրական արշավին, որպես նախագահի թեկնածու, կախված է վճռաբեկ դատարանի որոշումից` իր 1991թ. հայկական քաղաքացիության գրանցման առնչությամբ: «Հույս ունեմ, որ դատարանը կվերականգնի իմ ոտնահարված իրավունքները, եւ ԿԸՀ-ն կգրանցի ինձ որպես նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: Նա հրաժարվել է տեղեկացնել, թե ում կտա իր ձայնը նախընտրական արշավից դուրս գալու դեպքում: Նշենք, որ օրերս Երեւանի առաջին ատյանի դատարանը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը` 1991թ. նրա հայկական քաղաքացիությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հետեւում է նախկին նախարարի հայտարարությունից, 1991թվականից նա բազմիցս անգամ դիմել է համապատասխան մարմիններին խնդրանքով` տրամադրել իրեն հայկական քաղաքացիություն, սակայն նրա դիմումները մնացել են անպատասխան: Միայն 2001 թվականի օգոստոսին ստորագրվել է համապատասխան հրաման, որի հիման վրա Ր. Հովհաննիսյանին մերժվել է 1991 թվականից քաղաքացիություն ստանալու իրավունքը:
 Ուշագրավ
---