Պատգամավորները ՄՄ միանալու մասին պարզաբանումների են սպասում. Նալբանդյանը կհանդիպի նրանց

Պատգամավորները ՄՄ միանալու մասին պարզաբանումների են սպասում. Նալբանդյանը կհանդիպի նրանց

PanARMENIAN.Net - Խոհրդարանական քառօրյայի առաջին օրը սկսվեց քննարկումներով: Խոսքն օրակարգում ընդգրկված թեմաների մասին չէ: Պատգամավորներից շատերին այսօր առավել հուզում էր Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը, ինչի մասին ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը տեղյակ էր պահել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր մոսկովյան այցի ժամանակ:

Խոսքը բացեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հիշեցրեց, որ մինչ քաղաքական նման որոշումը կայացնելը ԱԺ-ում պետք է խորհրդակցություն անցկացվեր ու քաղաքական ուժերին տեղեկատվություն տրամադրվեր.

«Խորհրդարանը հրատապ կարգով պետք է տեղեկացվի տեղի ունեցած, տեղի ունեցող ու տեղի ունենալիք գործընթացրների մասին»,- նկատեց պատգամավորը, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մինչ Մաքսային միությանն անդամակցելու համաձայնություն տալը «ՀՀ նախագահը մեծամասնության՝ կոալիցիայի հետ հարցը քննարկել է»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ այժմ Հայաստանի հանրապետությունը «կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի նախաշեմին», այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ «նախկինում երբեք այս սրությամբ արտահայտված չի եղել երրորդ հանրապետության պատմության մեջ»:

«Հասկանալի է, որ հնչում են գնահատականներ, թե Հայաստանը կանգնել է դրել մի ճանապարհի վրա, որի վերջում իշխանության կորուստն է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Սերժ Սրագսյանի մոսկովյան հատարարություններն ու ԱԳ նախարարի «ափալ-թափալ» այցերն Արևմուտք կարևոր ու հրատապ հարցեր են առաջացնում, «իսկ ԱԺ-ն ոչ միայն մեկուսացած է պրոցեսից, այլև անգամ փորձագիտական մակարդակով տեղեկատվություն չունի»:

Փաշինյանն առաջարկեց խորհրդարան հրավիրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու ՀՀ նախագահ Սերժ Սագսյանին, ովքեր Հայաստանի «բարձրագույն օրենսդիր իշխանությանն անհրաժեշտ ու հրատապ պարզաբանումներ կտան» երկրի ու հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ:

Այս կարծիքին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը համոզված ասաց, որ կարծում է՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը «բխում է մեր ժողովրդի շահերից»: Նա չհամաձայնեց Փաշինյանի կարծիքին, թե ՄՄ-ին անդամակցելով մենք կորցնում ենք մեր իշխանությունն ու ինքնորոշումը, հակառակը՝ «փորձում ենք համաձայնագրերով, գործակցությամբ, կամ նման միություններին միանալով նպաստել մեր տնտեսությանը, լուծել մեր ժողովրդի, պետության առջև ծառացած խնդիրները»:

Փաշինյանի հետ միակարծիք էր նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով շեշտեց` խորհրդարանը պետք է տեղյալ լինի, երբ «պատմական կարևորագույն պատասխանատու ընտրություն է կատարվում» ու բացառեց, որ նման կարևոր հարցը կարելի է չներառել քառօրյայի օրակարգում, ինչն արվել էր այս դեպքում:

«Խորհրդարանն իրավունք չունի չկիսել այս ճակատարգական պահը: Առաջարկում եմ շուտափույթ օրակարգային հարց դարձնել ստեղծված իրավիճակն ու կարողանալ քննարկել այն»,- ասաց Հակոբյանը:

ԱԺ նախագահը փորձեց պարզաբանել ստեղծված իրավիճակը նրանով, որ նախագահը լիզորված է տալ իր համաձայնությունը Մաքսային միությանը միանալու հարցում: Նա կոչ արեց սպասել, մինչև փաստաթղթերը կհասնեն խորհրդարան, և այն ժամանակ «յուրաքանչյուր պատգամավոր, խմբակցություն ու քաղաքական ուժ իր տեսակետը կհայտնի», ևս մեկ անգամ նշելով, որ երկրի ղեկավարը իրեն սատարող քաղաքական ուժերի հետ հարցը քննարկել է.

«Հիմա ինչի՞ է պետք ասել, որ մեզ հաշվի չեն առել, անհարգալից են վերաբերվում ու Ազգային ժողովին չեն հարցրել՝ կարելի՞ է միանալ, թե՝ ոչ: Ժամանակը կգա, կհարցնեն»,- եզրափակեց Աբրահամյանը:

Ինչպես օրվա ավարտին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել խորհրդարանում պարզաբանումներ տալու պատգամավորների առաջարկը: Հանդիպումը կկայանա վաղը՝ առավոտյան ժամը 10:30-ին: Մնում է սպասել, թե պատգամավորներից ով հանդիպման ավարտին կկիսվի փակ քննարկման մանրամասներով, որին լրագրողները ներկա չեն լինելու:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
---